Ընդամենն այն ապացույցները, որոնք մենք համարում էինք բավարար, դատարանը համարեց անբավարար. դատավճռին ծանոթանալուց հետո նոր մենք կորոշենք, թե համապատասխան վերաքննիչ, վճռաբեկ բողոք ներկայացնելու ենք, թե՝ ոչ: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Գեւորգ Կոստանյանն՝ անդրադառնալով «Մատաղիսի գործով» այսօր կայացված արդարացման դատավճռին: Նրա խոսքով, հավանականությունը շատ մեծ է, որ իրենք կբողոքարկեն վճիռը:

«Այն ապացույցները, որոնց վրա մենք հիմնվել ենք մեղադրանքը պաշտպանելիս, այդ ապացույցները բավարար էին, որպեսզի անձանց մեղադրեինք դիտավորությամբ մարդկանց ծանր վնասվածք հասցնելու եւ ոչ թե սպանության մեջ:

Ապացույցների էական մասը, 99 տոկոսը, հիմնված են եղել նախկինում ձեռք բերված ապացույցների հիման վրա: Ես կարող եմ փաստել, որ նախկինում այդ ապացույցների ձեռք բերման ճանապարհը, աղբյուրները, այդ ապացույցների թույլատրելիության սահմանները սխալ են դրվել...: Դատարանն անթույլատրելի ճանաչեց դրանք, որովհետեւ դրանց մի մասը ձեռք էր բերվել խոշտանգումների արդյունքում, ըստ դատարանի որոշման, մյուս մասի անարժանահավատության խնդիր էր դրված եւ այլն: Եթե ժամանակին պատշաճ գնահատական տրվեր այդ ապացույցների թույլատրելիության խնդրին, ես կարծում եմ, որ այսօր մենք չէինք կանգնի այս խնդրի առաջ»,-ընդգծել է Կոստանյանը:

Դիտարկմանը, թե փաստորեն, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի ղեկավարությամբ քննչական խումբը սխալ քննչական գործողություննե՞ր է կատարել, որ հիմա Դուք փաստի առաջ եք կանգնել, Կոստանյանն արձագանքել է. «Ես խորին հարգանք ունեմ իմ նախորդների եւ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ: Այնուամենյանիվ, իրավագիտությունը ճշգրիտ գիտություն չէ, բայց ես այլ կերպ կվարվեի: Դա չի նշանակում, որ ես որեւէ կերպ նսեմացնում եմ նախորդ նախաքննության մարմնի կատարած աշխատանքը: Համենայնդեպս ես, որպես զինվորական դատախազ, սկզբունքորեն այլ կերպ կվարվեի նման իրադրության պարագայում: Միաժամանակ, կարող եմ ասել. այս մեղադրանքը պաշտպանվել է եւ այս մեղադրական ճառը ներկայացվել է ինձ հետ համաձայնեցնելու արդյունքում: Գտնում եմ, որ կարող եմ դատական մյուս ատյաններին ներկայացնել, իմ գնահատմամբ, բավարար հիմքեր, որոնք կհիմնավորեն, որ մեր դիրքորոշումը ապացուցազուրկ չէ: Դատարանի այս որոշումը եւս փաստում է, որ ապացույցների անբավարարության մասին է խոսքը եւ ոչ թե հանցակազմի բացակայության: Այսինքն, նախաքննության մարմինը չի կարողացել ներկայացնել այնպիսի ծանրակշիռ, անբեկանելի ապացույցներ, որոնք կհիմնավորեին մեր ամբաստանյալի մեղքը»:

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ եք մի իրավիճակ, երբ այլ անձ ներգրավվի գործում որպես ամբաստանյալ, զինդատախազը պատասխանել է. «Չեմ բացառում: Գործի նախաքննության հենց ամենասկզբից եղել են եւ կան այնպիսի վարկածներ, որոնք կրկին, դատարանի որոշման հիման վրա առնվազն ստուգման կարիք ունեն»:

Ինչ վերաբերում է տուժող կողմի իրավահաջորդների պնդմանը, թե այս գործում գլխավոր դերակատարը նույն զորամասի նախկին հրամանատար Իվան Գրիգորյանն է, Գեւորգ Կոստանյանն ասել է. «Հնարավոր վարկածներ կան եւ այդ վարկածները ժամանակին նախաքննության ընթացքում քննարկման առարկա եղել են: Այս դատարանի որոշման հիման վրա բոլոր այն վարկածները, որոնք քննարկման առարկա են դարձել եւ ոչ միայն դրանք, քննարկման առարկա դառնալու են: Այդ թվում քննարկվելու է հրամանատարի կամ առանց նրա մասնակցության վարկածը»:

 Հիշեցմանը, որ այսօր Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել է, որ ամբաստանյալ երեք տղաները մարդասպաններ են, զինդատախազը նշել է. «Գագիկ Ջհանգիրյանը քաղաքական գործիչ է: Ես կարծում եմ, որ մեղադրանքի կողմ հանդես գալու պարագայում Ջհանգիրյանը ավելի զուսպ կգտնվեր իր գնահատականների մեջ, իսկ որպես քաղաքացի եւ քաղաքական գործիչ նա ազատ է իր գնահատականների մեջ: Ես որպես մեղադրանքի կողմ, գտնում եմ, որ մենք այս պահի դրությամբ չունենք մարդասպանությամբ ձեւավորված եւ ապացուցված գնահատական: Այլ կրկնվեմ` մենք ունենք ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանք»:

Նշենք, որ «Մատաղիսի գործով» այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն արդարացման դատավճիռ է կայացրել երեք ամբաստանյալների նկատմամբ: