Լեհաստանը տեխնիկա չի մատակարարի ղարաբաղյան հակամարտության կողմերին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարեց Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին։
Ռազմական բնագավառում Հայաստանի եւ Լեհաստանի հնարավոր համագործակցության հարցին պատասխանելով՝ դեսպանը նշեց, որ Հայաստանը գտնվում է հակամարտության մեջ, եւ Լեհաստանը կլինի վերջին երկիրը, որ ինչ-որ ձեւով իր գործունեությամբ կխթանի լարվածության աճը։
«Բոլորս գիտենք, որ եթե հակամարտող երկրները լրացուցիչ զենք են գնում, ապա դա հանգեցնում է լարվածության աճի։ Լեհաստանը ռազմական տեխնիկա չի տրամադրել եւ չի տրամադրի հակամարտող երկրներից որեւէ մեկին։ Դա միանշանակ»,- ընդգծեց դեսպանը։
Ըստ դեսպանի, այս ոլորտում ընդհանուր համագործակցություն գոյություն ունի. դա ՆԱՏՕ-ի օրինակով չափանիշների «հարթեցումն» է, խաղաղապահ գործունեության ոլորտում համագործակցությունը, քանի որ Իրաքում հայկական զորախումբը մասնակցել է լեհական դիվիզիայի կազմում։
«Պարտադիր չէ տանկ վաճառել, որպեսզի համագործակցել։ Հայկական կողմը որոշակի շահ ունի հակաօդային պաշտպանության բնագավառում որոշակի մշակումներից, խոսքը ՇԶՀՀ «Գրոմ»-ի մասին է։ Բայց մենք այն տարածաշրջանում չենք տեղադրի։ Հայկական կողմը ըմբռնումով է մոտենում սրան։ Այստեղ տարաձայնություններ չկան»,- նշել է Զդիսլավ Ռաչինսկին։ Նրա խոսքով՝ իրավապահ մարմինների ոլորտում համագործակցությունը եւս զարգանում է։ ԵԱՀԿ-ն ֆինանսավորել է մեծ նախագիծ, որի շրջանակներում փորձի փոխանակում է եղել նաեւ լեհ գործընկերների հետ։





























