Տոնական օրերին Վանաձորում հասարակական տրանսպորտն աշխատելու է ուժեղացված գրաֆիկով, չի բացառվում ավելացնել նաեւ մեքենաների քանակը:  Այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում վստահեցրել է Վանաձորի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման, տրանսպորտը համակարգող բաժնի պետ Ազատ Իսպիրյանը:

«Նույնիսկ ավելի խստացված, որովհետեւ մենք հորդորել ենք բոլոր գծատերերին, որ հնարավորության սահմաններում մի քիչ ավելի վերահսկողությունն ու երթուղայինների քանակն ավելացնեն»,-ասաց նա, հավելելով, որ մեքենաների քանակն ավելացնելն էլ իր հերթին  որոշակի բարդությունների հետ է կապված: «Մեր երթուղային ցանցը այնքան խիտ է, որ շատ դժվարություններ կան»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե քաղաքացիներից դժգոհություններ կան՝ կապված երթուղայինների դեռեւս ամառային ռեժիմի անվադողերով երթեւեկելու հետ, ինչը անվտանգության կանոնների կոպտագույն խախտում է, Իսպիրյանն արձագանքեց. «Հավանաբար բոլորն էլ ձմեռային ռեժիմով են երթեւեկում, հատիկ-հատիկ չեմ կարող ասել…նույնիսկ վարորդին ա ձեռնտու, որ ձմեռային  անվադողերով երթեւեկի»:

Նշենք, որ Վանաձորում գործում է քաղաքային 19 երթուղի, որոնցից մեծ մասը սպասարկում են միկրոավտոբուսներով: