Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 20-ի մեծ մամուլի ասուլիսի շրջանակում լրագրողներին հայտնել է, որ Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի դեմ մի քանի քրեական գործ է հարուցված:

 «Ինչո՞ւ եք կարծում, թե ոչինչ չի արվում»,-զարմացել է նախագահը՝ լսելով Մոսկվայի նախկին քաղաքապետի նկատմամբ քրեական հետապնդման բացակայության մասին հարցը: Պետության ղեկավարը չի հստակեցրել,թե ինչ քրեական գործեր են եւ երբ է գալու մեղադրանքների առաջադրման ժամանակը:

Հարցին, թե ինչո՞ւ Լուժկովը մինչ այժմ քրեական պատասխանատվության չի ենթարկվել, Պուտինը պատասխանել է. «Դեռ վաղ է», հաղորդում է polit.ru-ն:

Իր հերթին «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում Յուրի Լուժկովը հայտարարել է, որ  ինքը ոչինչ չգիտի իր դեմ հարուցված քրեական գործերի մասին: «Ես խիստ զարմացած եմ այդ տեղեկությունից, ես վատ եմ հասկանում, թե խոսքն ինչի մասին է: Միգուցե նախագահ Վլադիմիր Պուտինը ինձ որեւէ մեկի հե՞տ է շփոթել»,-հայտարարել է Մոսկվայի նախկին քաղաքապետը:

ՌԴ-ի ՆԳՆ-ում «Ինտերֆաքսին» հայտնել են, որ հետաքննում են մի շարք քրեական գործեր, այդ թվում՝ Մոսկվայի Բանկում խոշոր շորթումների հետ կապված գործը, որում Յուրի Լուժկովը տվյալ պահին որպես վկա է ներգրավված: Սակայն Մոսկվայի նախկին քաղաքապետին ոչ ոք մեղադրանք չի առաջադրել: