Վաղը՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 16:30-ին, Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կկայանա ՊՆ ՀԿԳ քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Մ. Բուլղադարյանի 2012 թ. հուլիսի 28-ի քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու պահանջի մասին դատական նիստը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ 2010 թ. հուլիսի 28-ին Լեռնային Ղարաբաղի Մարտունիի 2-րդ թիվ N մարտական դիրքերում հրազենային մարտական վնասվածքով հայտնաբերվել են ավագ լեյտենանտ Վարդգես Արարատի Թադեւոսյանի եւ ժամկետային զինծառայողներ Գարեգին Հովսեփյանի, Անդրանիկ Սարգսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի, Կարո Այվազյանի եւ Արտեմ Մանասյանի դիակները:

ՀՀ ՊՆ քննչական ծառայության 2-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Հարուցված քրեական գործի վերաբերյալ շուրջ 2 տարի կատարվել է նախաքննություն:

2012 թ. հուլիսի 28-ին ՀՀ ՊՆ ՀԿԳ քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Մ. Բուլղադարյանի կողմից կայացվել է քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում՝ հաշվի առնելով Կարո Այվազյանի եւ Վարդգես Թադեւոսյանի մահացած լինելու հանգամանքը:

Ռոբերտ Հովհաննիսյանի եւ Անդրանիկ Սարգսյանի իրավահաջորդներ Միքայել Հովհաննիսյանը, Սվետլանա Կարապետյանը եւ իրավահաջորդների ներկայացուցիչ Արթուր Սաքունցը դիմում-բողոք են ուղղել զինդատախազ Գեւորգ Կոստանյանին՝ պահանջելով վերացնել վարույթը կարճելու մասին որոշումը եւ գործն ուղարկել նախաքննության: Բողոքի հիմքում դրվել է նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից թույլ տրված քրեադատավարական օրենսդրական խախտումները:

2012 թ. նոյեմբերի 1-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանի կողմից ստացվել է բողոքը մերժելու մասին որոշում, որը բողոքարկվել է դատական կարգով:

Նախորդ դատական նիստի ընթացքում իրավահաջորդների ներկայացուցիչ Արթուր Սաքունցը ներկայացրել է իր բողոքը, այնուհետեւ ներկայացրել միջնորդություն գործի նյութերին ծանոթանալու համար: