2012-ի ամռանը հանցավոր սխեմայի կազմակերպման համար ձերբակալված վրացի նախկին պաշտոնյաներին կաշառք տալու նախաձեռնողը եղել է ռուսական կողմը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, բրիֆինգի ժամանակ, հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մչեդլիշվիլին:

«Հենց ռուսական կողմն է կաշառք տալու համար որպես միջնորդ գտել Դեւի Կանդելակիին»,-հայտարարել է նա, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:

Հիշեցնենք, որ նախօրեին Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը ձերբակալել է Էներգետիկայի եւ ֆինանսների նախկին նախարար Ալեքսանդր Խետագուրիին, «Ռուսթավի-2» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն, արդարադատության եւ կրթության նախկին նախարար Նիկա Գվարամիային, Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Կախա Դամենիային եւ այլոց: Կալանավորվել է նաեւ «Ինտեռ ՌԱՕ-ԵԷՍ»-ին պատկանող ընկերության գլխավոր տնօրեն Դեւի Կանդելակին: Քննության տվյալներով, այդ անձինք 2012-ին իրագործված հանցավոր սխեմայի գործով հանցակիցներ են, որի շրջանակներում «Ինտեռ ՌԱՕ-ԵԷՍ»-ին պատկանող ընկերությունները վրացի պաշտոնյաներին կաշառելու նպատակով 1 մլն դոլար են փոխանցել «Էլենդեֆ սերվիս» կեղծ ընկերության հաշվին: Քննության տվյալների համաձայն, պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու փաստը կոծկելու համար մի շարք փաստաթղթեր են կեղծվել: