Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնում Երեւանի «Սեբաստիա» ծննդատանը տեղի ունեցած ծեծկռտուքի մասին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեկտեմբերի 19-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ «Սեբաստիա» ծննդատանը հիվանդներից մեկի հարազատները հարձակվել են բժիշկների վրա եւ ծեծի ենթարկել նրանց:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 21-ամյա Օվսաննա Մ.-ի ծննդաբերության ժամանակ մահացած պտղի պատճառով ծննդօգնության կենտրոնի գլխավոր բժշկի՝ Արմեն Գրիգորյանի աշխատասենյակում վիճաբանություն է ծագել, որի ժամանակ Օվսաննա Մ.-ի ամուսինը` 26-ամյա Երվանդ Ա.-ն եւ նրա 3 հարազատները ոտքերով եւ ձեռքերով հարվածել են բժշկին` պատճառելով վնասվածքներ սալջարդի տեսքով, նաեւ կոտրել են ծննդատան միջանցքի դռան ապակին:
Նշանակվել են դատաբժշկական եւ ապրանքագիտական փորձաքննություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Երվանդ Ա.-ին եւ նրա 3 հարազատներին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:




























