ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա` դեկտեմբերի 20-ի նիստում, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, քննարկվել է ՀՀԿ 14-րդ համագումարի պատվիրակներին բաժանված նախընտրական ծրագրի առաջարկությունները: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը եւ ավելացրեց, որ նիստը սովորականից երկար է տեւել հենց այդ պատճառով:

«Մենք քննարկել ենք այդ նախընտրական ծրագրի նախագիծը, տարբեր առաջարկություններ լսել: Սակայն նախընտրական ծրագիրը վերջնական տեսքի չի եկել, քանի որ դեռ ժամանակ ունենք»,-ասաց նա, հավելելով, որ Սերժ Սարգսյանը ներկայացրել է իր այցելության արդյունքները Մոսկվա եւ ՀԱՊԿ համաժողովին:

«Նա բավականին արդյունավետ եւ ազգային ու պետական գործչին բնորոշ ելույթ է ունեցել, որտեղ հստակ շեշտադրումներ կային ԼՂ հիմնահարցի ուղղությամբ եւ հայկական կողմի հստակ դիրքորոշումներն ուրվագծված էին այնտեղ: Ինչպես գիտեք, հանդիպում է տեղի ունեցել ՀՀ եւ ՌԴ նախագահների միջեւ: Այս իմաստով էլ պետք է ասեմ, որ հայ-ռուսական հարաբերությունները բավականին դինամիկ կերպով զարգանում են եւ էլի կզարգանան»,- ավելացրեց Էդուարդ Շարմազանովը:

Ի դեպ, ՀՀԿ մամուլի խոսնակն ամբողջ լրատվական դաշտին առանց  բացառության  շնորհակալություն հայտնեց համագործակցության համար: «Ովքեր խնայել են ինձ, ովքեր առհասարակ չեն խնայել, բոլորին շնորհակալություն եմ հայտնում համագործակցության համար: Հույս ունեմ, որ 2013թ-ին, էլ ավելի կառուցողական, խորը համագործակցություն կունենան ի շահ մեր երկրի: Մենք քննադատությունից չենք վախենում, այլ դասեր ենք քաղում»,- ավելացրեց Էդուարդ Շարմազանովը: