Վրաստանում «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ից կաշառք ստանալու գործով անցնող նախկին պաշտոնյաներին մեղադրանք է առաջադրվել: Մասնավորապես, «Ռութավի-2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն, նախկինում արդարադատության եւ կրթության նախարար Նիկա Գվարամիային մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 4 հոդվածներով: Ինքը՝ Գվարամիան չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Փաստաբանի խոսքով, Գվարամիան մեղադրվում է կաշառք ստանալու, փողերի լվացման, կեղծ փաստաթղթեր, կնիքներ կամ բլանկներ պատրաստելու եւ իրացնելու, ինչպես նաեւ կեղծ կրեդիտային քարտեր պատրաստելու, օգտագործելու մեջ:
Վրաստանի ֆինանսների եւ էներգետիկայի նախկին նախարար Ալեքսանդր Խետագուրիին մեղադրում են փողերի լվացման եւ կաշառք ստանալու մեջ: Նա նույնպես չի ընդունում առաջադրված մեղադրանքը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը ձերբակալել է Էներգետիկայի եւ ֆինանսների նախկին նախարար Ալեքսանդր Խետագուրիին, «Ռուսթավի-2» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն, արդարադատության եւ կրթության նախկին նախարար Նիկա Գվարամիային, Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Կախա Դամենիային եւ այլոց: Կալանավորվել է նաեւ «Ինտեռ ՌԱՕ-ԵԷՍ»-ին պատկանող ընկերության գլխավոր տնօրեն Դեւի Կանդելակին: Քննության տվյալներով, այդ անձինք 2012-ին իրագործված հանցավոր սխեմայի գործով հանցակիցներ են, որի շրջանակներում «Ինտեռ ՌԱՕ-ԵԷՍ»-ին պատկանող ընկերությունները վրացի պաշտոնյաներին կաշառելու նպատակով 1 մլն դոլար են փոխանցել «Էլենդեֆ սերվիս» կեղծ ընկերության հաշվին: Քննության տվյալների համաձայն, պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու փաստը կոծկելու համար մի շարք փաստաթղթեր են կեղծվել:




























