Հայ կազակները քննարկում են ռուս գործընկերների հետ համագործակցության նոր հեռանկարները, հայտնել է Հայ-կազակական բարեկամության և համագործակցության միջազգային միավորման ղեկավար Կարապետ Զադոյանը Ստավրոպոլում Համաշխարհային ռուսական ժողովրդական հավաքի համաժողովի արդյունքների ամփոփման ընթացքում:
Հայ կազակների պատվիրակությունը համաժողովին մասնակցել է ՌԴ ԱԳՆ-ի եւ Մոսկվայի ու Համայն ռուսիո պատրիարք Կիրիլի հրավերով:
«Լսարանը բավական մեծ հետաքրքրություն է ցուցաբերել մեր ելույթների հանդեպ: Հայ կազակները, բարեբախտաբար, Հայաստանի սահմաններից դուրս այլեւս իբրեւ էկզոտիկա չեն ընկալվում: Համարձակվում եմ հուսալ, որ դրան հաջողվել է հասնել նաեւ մեր հետեւողական ջանքերի շնորհիվ: Համաժողովի ընթացքում կազմակերպչական հարցերը լուծվել են Ստավրոպոլի երկրամասի աշխատակազմի աջակցությամբ»,– հայտարարել է Կ. Զադոյանը: Ըստ նրա՝ համագործակցության նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Օրենբուրգի եւ Կալինինգրադի կազակների ղեկավարները:
Համաժողովի հանդիպումներից մեկում ելույթ է ունեցել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը: Այդ հանդիպմանը Հայաստանից ելույթ է ունեցել աթոռանիստ Սբ. Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի ղեկավար եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանը:





























