Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կարծում է, որ «Ռուսթավի-2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային ձերբակալելու արդյունքում ստեղծված իրավիճակում, ավելի լավ կլինի ազատ արձակել նրան մինչեւ դատարանի որոշումը:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները Գվարամիայի ձերբակալությունը համարում են ճնշում անկախ լրատվամիջոցի դեմ:

«Ստեղծված աժիոտաժի պայմաններում, որը նրանց հաջողվեց ստեղծել, ավելի լավ կլինի, եթե դատարանն ազատ արձակի Գվարամիային, առավել եւս, որ կան դրա համար օրինական ձեւեր »,-հայտարարել է Իվանիշվիլին վրացական «Ռեզոնանսի» թերթին տված հարցազրույցում: Իվանիշվիլին նաեւ ընդգծել է, որ մտադիր չէ որեւէ կերպ միջամտել գլխավոր դատախազի եւ արդարադատության նախարարի գործունեությանը, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:

Ինչ վերաբերում է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հայտարարություններին, որ այդ ձերբակալությունն առնչություն ունի «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունում Գվարամիայի գործունեության հետ եւ ճնշում է ազատ լրատվամիջոցի դեմ, Իվանիշվիլին դա ծիծաղելի է համարել եւ հայտարարել, որ «Ռուսթավի-2»-ն ազատ հեռուստատեսություն չէ, այլ Սահակաշվիլիի հեռուստատեսությունն է: