Ռուսաստանը ձգտում է, որ Սիրիայում կարգուկանոն հաստատվի։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Բրյուսելում կայացած «Ռուսաստան -ԵՄ» գագաթաժողովն ամփոփող մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Եւս մեկ անգամ ցանկանում եմ նշել՝ կձգտենք, որ Սիրիայում կարգուկանոն հաստատվի, որ այն լինի ժողովրդավարական կարգ, որը բխում է սիրիացի ժողովրդի կամքից»,- ասել է նա։ «Ցանկալի չէր լինի, որ Սիրիայում որոշակի փոփոխություններից հետո այնտեղ խառնաշփոթ սկսվեր, որին մենք ականատես ենք տարածաշրջանի մի քանի այլ երկրներում»,- ավելացրել է Պուտինը։
«Մեր դիրքորոշումն այն է, որ մենք Սիրիայում գործող ղեկավարության փաստաբանները չենք, բայց համարում ենք, որ երկարաժամկետ համաձայնությունների գալու համար, պետք է հստակեցնել, թե ինչ կլինի Սիրիայի հետ ապագայում, երբ կապահովվեն քաղաքացիների շահերը, որոնք այնտեղ ապրում են, բոլոր կրոնական եւ էթնիկ խմբերը, ինչպես են նրանց ղեկավարելու, իսկ հետո արդեն ձեռնամուխ լինել այդ ծրագրի իրականացմանը»,-ՌԴ ղեկավարի խոսքերը մեջբերում է ԻՏԱՌՌ-ՏԱՍՍ-ը։
Պուտինը հիշեցրել է, որ Ժնեւում ձեռք են բերվել սահմանված պայմանավորվածություններ, որոնք հնչում են գրեթե նույն ձեւով, եւ Ռուսաստանի եվրոպական գործընկերներն ամբողջությամբ համաձայն են դրա հետ։





























