Վրաստանի Կախեթիի տարածաշրջանի Ախմեթիի շրջանի Զեմո Ալվանի գյուղում, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, տեղի է ունեցել Ստալինի վերանորոգված արձանի բացումը:
Բացման արարողությանը ներկա են եղել «Ազատ Վրաստան» կուսակցության առաջնորդ Կախա Կուկավան, «Ստալին» ընկերակցության նախագահ Գրիգոլ Օնիանին եւ տեղի շուրջ 60 բնակիչներ: Տեղի իշխանություններից ոչ ոք արարողությանը ներկա չի եղել:
Այս գյուղում Ստալինի արձանը հանվել է 2011 թվականի հունիսի 16-ին: Խորհրդարանական ընտրություններից հետո (2012-ի հոկտեմբերի 1-ին) հուշարձանը վերադարձվել է իր նախկին տեղը:
Ստալինի մեկ այլ հուշարձանի վերանորոգման համար (նրա հայրենիք Գորի քաղաքում) 2013-ի քաղաքային բյուջեում համապատասխան գումար է նախատեսված:
Գորիի հրապարակում Ստալինի ամենահայտնի հուշարձանը հանվել է 2010 թվականին: Այն ժամանակ հաղորդվում էր, որ արձանը կտեղափոխվի Ստալինի տուն-թանգարանի տարածք, սակայն ավելի ուշ լրագրողներն այն գտել էին հին շենքերից մեկի ավերակների մոտ:
Հետո Վրաստանի իշխանությունները հայտարարել էին, որ Ստալինի հուշարձանի փոխարեն այդ վայրում 2008-ի վրաց-ռուսական պատերազմի եւ ստալինյան ռեպրեսիաների զոհերի հուշարձան կկառուցվի:
Հիշեցնենք, որ Իոսիֆ Ստալինը (Ջուղաշվիլի) ծնվել է Գորիում, 1878 թվականի դեկտեմբերին:




























