Միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը չի կասկածում, որ երկրորդ գերթեթեւ քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն, իր հայրենակից Վախթանգ Դարչինյանը, որը վերջերս գերթեթեւ քաշային կարգի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարում պարտվեց Ջոզեֆ Աքբեկոյին, կրկին կվերադառնա իր բարձունքին։
Այդ մարտից 10 օր առաջ ես զանգահարեցի Վախթանգին եւ հաղթանակ մաղթեցի նրան Աքբեկոյի հետ մենամարտում,- պատմել է Աբրահամը Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: «Ես ոչ մի վայրկյան չեմ կասկածել Դարչինյանի հաջողությանը, սակայն, ցավոք սրտի, նա այդ մարտը տանուլ տվեց։ Սպորտում եւ, մասնավորապես բոքսում, նման բան հնարավոր է։ Ես կասկած չունեմ, որ նա արագ ուշքի կգա այդ պարտությունից եւ անպայման կվերադառնա իր բարձունքին», ըստ NEWS.am-ի թղթակիցի՝ ասել է Աբրահամը։
Աբրահամին խնդրեցին մեկնաբանել թուրք բռնցքամարտիկ Մեհիր Օրալի հետ նրա վերջին մենամարտը, որն ավարտվել էր հայ բռնցքամարտիկի հաղթանակով՝ տեխնիկական նոկաուտով։ «Ես իրավունք չունեի տանուլ տալ այդ մարտը՝ հայտնի պատճառներով։ Ես ինձ թույլ չէի տա զիջել Թուրքիայի ներկայացուցչին, որի նախնիները Ցեղասպանության են ենթարկել իմ հայրենակիցներին»,- նշել է նա։
Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է, որ նա մոտ ապագայում ռինգ դուրս գա Հայաստանի դրոշի ներքո, 29-ամյա բռնցքամարտիկը ասաց. «Ես համաձայնագիր եմ կնքել գերմանական Sauerland Event պրոմոուտերական ընկերության հետ, որի ժամկետը ավարտվում է 2011 թվականին։ Եթե հիմա ես փորձեմ որեւէ քայլ ձեռնարկել այդ ուղղությամբ, ապա ես խնդիրներ կունենամ»,- ասել է Աբրահամը։
Հայ բռնցքամարտիկը խոստովանել է նաեւ, որ չէր ցանկանա, որպեսզի իր ապագա կինը զբաղվեր բոքսով։ «Ես նորմալ եմ վերաբերվում կանանց բոքսին, եւ եթե թույլ սեռի որեւէ ներկայացուցիչ ցանկանում է զբաղվել բոքսով, ապա թող զբաղվի։ Սակայն, միաժամանակ, չէի ուզենա, որ իմ ապագա կինը զբաղվեր այդ սպորտաձեւով։ Դժվար է պատկերացնել, որ կինս տուն կվերադառնա կապտած աչքով…»,- խոստովանել է բռնցքամարտիկը։
Հիշեցնենք, որ Աբրահամը վերջերս հրաժարվել է IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսից, որպեսզի անցնի սուպերմիջին քաշային կարգ եւ հանդես գա «Super Six World Boxing Classic» բոքսի աննախադեպ մրցաշարում, որին մասնակցում են աշխարհի առաջատար վեց բռնցքամարտիկները։
Իր առաջին մենամարտը Աբրահամը կանցկացնի հոկտեմբերի 17-ին։ Այդ օրը նա կհանդիպի միջին քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Ջերմեն Թեյլորի հետ։ Այդ մենամարտը նախատեսվում է անցկացնել Բեռլինում։




























