ԱԺ էթիկայի հանձնաժողովը 30 օրվա ընթացքում կորոշի ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը խախտե՞լ է էթիկայի կանոնները, թե՝ ոչ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Նրա խոսքով, հանձնաժողովի նշանակված պատասխանատու անդամն ինքը պետք է իրականացնի ապացույցների հավաքագրում, համադրում եւ որոշման նախագծի պատրաստումը։ «Մենք չենք կարոող կանխակալ ասել, որ օրենք է խախտել։ Ապացույցների հավաքագրման որոշումը այսօր է կայացվել եւ այն տեւելու է 30 օր։ 30 օրվա ընթացքում ապացույցների հավաքագրման գործընթաց է իրականցվելու։ Նշված գործընթացի արդյունքում կորոշվի խախտել է էթիկան, թե՝ ոչ»,- մանրամասնեց Արծվիկ Մինասյանը եւ ավելացրեց, որ եթե անհրաժեշտություն առաջանա, հանձնաժողովը 20 օրով կարող է երկարացնել գործընթացը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ռազմավարական մշակումների կենտրոն» ՀԿ-ն դիմել է Ազգային Ժողովի Էթիկայի հանձնաժողովին` առաջարկելով քննել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի վարքագիծը:




























