Հիմա մի ժամանակ է, երբ որ պետք է կայացվեն ինչ-որ որոշումներ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերից 21-ին, Aravot.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Հրանտ Բագրատյանի՝ նախագահի թեկնածու առաջադրվելու, նաեւ ՀԱԿ-ում առկա մթնոլորտի վերաբերյալ տարբեր մեկնաբանությունների մասին հարցին:

Հիշեցնենք, որ «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը Galatv.am-ին ասել էր, որ ՀԱԿ-ում ընդամենը կերակրատաշտից օգտվելու քաշքշոց է:

«Այսօր ձեռնպահ կմնամ որեւէ մեկնաբանությունից: Աշոտ Մանուչարյանի ասածներն էլ զերծ կմնամ մեկնաբանելուց: Չեմ ուզում որեւէ բան ասել: Հրանտ Բագրատյանի առաջադրվելն էլ մեկնաբանելուց առայժմ զերծ կմնամ»,-ասել է Փաշինյանը:

Հարցին՝ իսկ Հրանտ Բագրատյանին սատարելու որոշում կայացրե՞լ եք, Փաշինյանը պատասխանել է. «Ես դրա հետ կապված շատ հստակ դիրքորոշում եմ հայտնել, որ քանի դեռ հայտնի չի դարձել Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրվել-չառաջադրվելու որոշումը, այդ թեմայով որեւէ մեկնաբանություն առայժմ չեմ ցանկանում անել: Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ հիմա՝ այս պահին մեկնաբանություն չեմ անում, բայց դա չի նշանակում, որ երբեւէ այդ թեմայով չեմ խոսի: Ուղղակի հիմա այնպիսի իրավիճակ է, որ ցանկություն չունեմ: Ըստ էության ամեն ինչ ասված է, ամեն ինչ չէ՝ շա՛տ բան ասված է, շատ բան հայտնի է: Շատ տեսակետներ կան: Հիմա մի ժամանակ է, երբ որ պետք է կայացվեն ինչ-որ որոշումներ: Իմ մասով ինչ ունեի ասելու՝ ասել եմ: Հաջորդ պահին, երբ որ կլինի մի նոր բան ասելու անհրաժեշտություն, իհարկե, կանդրադառնամ դրան»:

Նա եւս մեկ անգամ հավաստիացրել է, որ ինքը չի առաջադրվելու նախագահական ընտրություններում, որի մասին պաշտոնապես հայտարարել է դեռ վաղուց: