Ամփոփելով 2009 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքները, «Ամերիաբանկ»-ի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը հայտարարել է, որ բանկը շարունակում է պահպանել աճի ակտիվ տեմպերը, և վիճակագրական վերջին տվյալների համաձայն, ամենահաջողակն է կովկասյան տարածաշրջանի առևտրային բանկերի շարքում։
Բանկի ակտիվները 2009 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են ավելի քան 86,2 մլրդ. դրամ՝ տարվա սկզբից աճելով 175,8%-ով, և ավելի քան 2,8 անգամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Երկրորդ եռամսյակում 8,3%-ով աճել են նաև բանկային պարտավորությունները՝ կազմելով 65,4 մլրդ դրամ։
Բանկի վարկային պորտֆելը երկրորդ եռամսյակի ընթացքում կազմել է 31,6 մլրդ. դրամ, ինչը գրեթե 30%-ով ավելի է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Ըստ Ջրբաշյանի, բանկի աշխատանքի կարևոր բաղադրիչներից է հաճախորդների վստահության աճը, որի ապացույցը ավանդների գծով աճն է ։ Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը 2009 թվականի առաջին կիսամյակում աճել է 230%-ով, իսկ երկրորդ եռամսյակում 36,9%-ով՝ հասնելով 6,3 մլրդ. դրամի։ Նման լավ ցուցանիշները, ըստ Ջրբաշյանի, նաև ֆիզիկական անձանց վարկավորման գծով «Ռոսգոսստրախ»-ի հետ արդյունավետ համագործակցության արդյունքն են։ «Ելնելով դրանից, կարելի է ասել, որ բանկն ի վիճակի է իրականացնել վարկավորման լուրջ ծրագրեր»,- հայտարարել է Ջրբաշյանը։
Բանկը երրորդ տեղն է զբաղեցնում Հայաստանի առևտրային բանկերի շարքում շահույթի գծով, որը կազմում է 554,9 մլրդ. դրամ։ «Ամերիաբանկ»-ի ռազմավարական գործընկերը «Տրոյկա դիալոգ» ընկերությունների խումբն է՝ բանկի կապիտալի 99,7% մասնաբաժնով։



























