Թբիլիսիի քաղաքային դատարանը «Ռուսթավի-» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն, նախկինում արդարադատության եւ կրթության նախարար Նիկա Գվարամիայի համար խափանման միջոց է ընտրել 30 հազար լարի գրավի դիմաց ազատ արձակումը:

Մեղադրող կողմը պահանջում էր կալանավորել նրան, դա հիմնավորելով ամբաստանյալի «մտավոր կարողություններով», իսկ պաշտպանական կողմը ցանկանում էր, որ նրան ազատ արձակեն 20 հազար լարի գրավի դիմաց:

Գվարամիան գրավը պետք է վճարի 20 օրվա ընթացքում, որից հետո կլքի ազատազրկման վայրը, հաղորդում է «Գռուզիա Online»-ը:

30 հազար լարի գրավի որոշում է կայացվել նաեւ Ֆինանսների նախկին նախարար Ալեքսանդր Խետագուրիի, Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Կախա Դամենիայի,  «Թելասի» ընկերության գլխավոր տնօրեն Դեւի Կանդելակիի նկատմամբ: Եւս երկու հոգու՝ Իզաբելլա Գուտիձեի եւ Գեորգի Նեմսիցվերիձեի նկատմամբ դատարանը 15 հազար լարի գրավի որոշում է կայացրել:

Հիշեցնենք, որ այդ անձինք անցնում են ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության կողմից կաշառք ստանալու սխեմա ստեղծելու մեջ: Նրանք, մասնավորապես, մեղադրվում են կեղծ գործարարության, հարկային փաստաթղթերի կեղծման եւ խոշոր չափերի կաշառք ստանալու փորձի մեջ:

Հիշեցնենք, որ նախօրեին Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ ներկա աժիոտաժի ֆոնին, լավ կլինի ազատ արձակել Գվարամիային: Փաստորեն «անկախ» դատական համակարգը լսել է վարչապետի հորդորը:

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այս գործը քաղաքական է անվանել: