2010թ-ի հոկտեմբերի 6-ին Վանաձոր քաղաքում տեղի ունեցած սպանության համար մեղադրվող եւ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում մահացած Սլավիկ Ոսկանյանի մահվան հետ կապված տուժողի իրավահաջորդ Կարեն Թումանյանը դիմել է Եվրոպական դատարան:

Հիշեցնենք, որ 2010թ-ի հոկտեմբերի 6-ին, ժամը 20:30-ի սահմաններում  Վանաձոր քաղաքի Զաքարյան 8 հասցեի խանութում սպանվել էր խանութի վաճառող /նաեւ սեփականատեր/  Սվետլանա Կազազյանը: Մարդասպանը սուր ծակող-կտրող գործիքի օգնությամբ կտրել էր կնոջ պարանոցը: Խոսակցությունների համաձայն՝ Սվետլանա Կազազյանը Վանաձորի ոստիկանության կապիտան Մովսես Իսկանդարյանի մայրն էր:

Նույն օրը հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով: Ոստիկանությունը սպանությունը կատարելու կասկածանքով  ձերբակալել էր Վանաձոր քաղաքի բնակիչ Սլավիկ Ոսկանյանին, այնուհետ վերջինս տեղափոխվել էր «Վանաձոր» ՔԿՀ, որտեղ էլ հոկտեմբերի 24-ին իրեն թուք էր ներարկել, այդ կերպ առաջացնելով գազային գանգրենա ու օրեր անց մահացել հենց ՔԿՀ-ում:

Այժմ տուժող Սլավիկ Ոսկանյանի իրավահաջորդ, փաստաբան Կարեն Թումանյանը դիմել է մարդու իրավունքների եվրոպական դատարան: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Կարեն Թումանյանն ասաց, որ ինքը դիմումի մեջ երկու կետ է մատնանշել: «Ես նշել եմ, որ  առաջին հերթին կյանքի իրավունքի ոչ պատշաճ վերաբերմունք է դրսեւորվել, ինչպես նաեւ մարդու իրավունքների  եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը, ըստ որի  կալանավորի նկատմամբ եղել է դաժան վերաբերունք, մասնավորապես նա ունեցել է բուժօգնության կարիք, սակայն նրան պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվել»,-ասաց փաստաբան Կարեն Թումանյանը:

Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի