Տավուշի մարզի Իջեւան համայնքի ավագանու որոշ անդամների կողմից նիստերը բոյկոտելու հետ կապված դադարեցվել են ավագանու եւս 2 անդամների լիազորությունները: NEWS.am-ի Տավուշի թղթակցի հետ զրույցում Իջեւանի փողքաքաղաքապետ Սուրեն Մանուկյանն ասաց, որ ավագանու հոկտեմբերի 21-ի նիստին ավագանու որոշմամբ դադարեցվել են Նարեկ  Oհանյանի եւ Նարինե Գրիգորյանի լիազորությունները:

«Իրենք ավագանու նիստերի կեսից ավելիին չեն ներկայացել, այդկերպ բոյկոտելով ավագանու նիստերը»,-ասաց փոխքաղաքապետը՝ նշելով, որ նույն այդ ավագանու անդամները օրեր առաջ նախ դիմում բողոք են ներկայացրել որոշման հետ կապված, այնուհետ խնդրել են քաղաքապետին վերականգնել իրենց լիազորությունները: Սուրեն Մանուկյանի փոխանցմամբ, նշված երկու ավագանիները եւս նախկին քաղաքապետի թիմից են:

Հիշեցնենք, որ դեռեւս ամռանը դադարեցվել էին ավագանու եւս 3 անդամների լիազորությունները, նրանք եւս պատշաճ ներկայություն չէին ապահովել նիստերին: Ներկա դրությամբ՝ Իջեւան համայնքն ունի ավագանու 9 անդամ:

NEWS.am-ի Տավուշի թղթակիցը ավագանու անդամների բացակայությունների հետ կապված փորձեց պարզաբանումներ ստանալ նաեւ Իջեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար  Բորիս Թանանյանից, ով լսելով, որ իրեն լրագրող է զանգահարում, խնդրեց չանհանգստացնել, նախ նշելով, թե խիստ զբաղված է, հետո նաեւ պատճառաբանեց առողջական խնդիրներ ունենալը եւ կախեց լսափողը: