Կանադայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ  չորս կործանիչ կտրամադրի երկրի օդային տարածքում  Սանտա Կլաուսին «ուղեկցելու» համար: 

1955թ.-ից Սանտայի  տեղաշարժերին «հետեւում է» Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարությունը, որն ընդգրկում է  Կանադայի եւ ԱՄՆ-ի օդային եւ հրթիռային պաշտպանական համակարգերը: Դրա համար գործարկվում են 47 ռադարներ, ինֆրակարմիր  ցուցիչներով համալրված արբանյակներ: 

Սանտայի եղջերուների սահնակի մեկնարկը Հյուսիսային բեւեռից սպասվում է դեկտեմբերի 24-ին: Երբ անձնակազմը մոտենա Կանադայի Նյոֆաունդլենդ եւ Լաբրադոր նահանգների ափին,  նրան կդիմավորեն  F-18 երկու կործանիչներ, պատմել են պաշտպանության նախարարությունում: Այնուհետեւ արեւմտյան ափի ճանապարհի կեսից նրանց կփոխարինեն երկու ռազմական օդանավ, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Քաղաքացիության եւ միգրացիոն հարցերի նախարար Ջեյսոն Քիննին հավելել է, որ  Սանտան Կանադայի մուտքի վիզայի կարիք չունի, քանի որ դեռեւս 2008թ. նրան տրամադրվել է երկրի քաղաքացիություն: Բացի դրանից, հերթապահ ամերիկացի եւ կանադացի սպաները հստակ կարող են ասել, թե որտեղ է գտնվում Սանտան տվյալ պահին: Դրա համար անհրաժեշտ է զանգահարել  Միացյալ հրամանատարության գլխավոր գրասենյակ կամ էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկել:

Նախորդ տարի ստացվել էր 120 հազար զանգ եւ 7,7 հազար էլեկտրոնային նամակ: