Տիրոջ հանդեպ շան հավատարմությունը քիչ է մնացել ողբերգական ավարտ ունենա. հայտնի մանկաբարձ-գինեկոլոգ Լեոնիդ Բերկովիչը կորցրել էր գիտակցությունը Մերձմոսկվայի Յախրոմի իր ամառանոցի բակում եւ շուրջ քանի ժամ տղամարդուն չէին կարողանում օգնություն ցուցաբերել նրա սիրելի ալաբայի պատճառով։
Ինչպես հաղորդում է Life News-ը, 50-ամյա բժիշկը վատացել է դեկտեմբերի 20-ի ուշ երեկոյան, երբ տաքսով տուն է վերադարձել։ Վարորդը նկատել է, որ իր ուղեւորը բակ չհասած ընկել է ձյան մեջ։ Այդ ժամանակ նա տագնապ է բարձրացրել եւ դիմել հարեւաններին։ Վերջիններս փորձել են առաջին օգնություն ցույց տալ Բերկովիչին, սակայն նրա՝ ալաբայ տեսակի շունը, որը պտտվում էր նրա շուրջը, հետ էր վռնդում բոլոր նրանց, ովքեր մոտենում էին իր տիրոջը։
Հարեւանուհին դիմել է տեղի ԱԻՆ, սակայն վարչությունում՝ լսելով կատաղած շան մասին, ասել էին, որ նման դեպքերին արձագանքելը չի մտնում իրենց պարտականությունների մեջ։ Այդ ժամանակ կինը զանգահարել է ոստիկանություն։ Այստեղ համաձայնել են օգնել։
Ոստիկաններից մեկը, ով տանը նույնպիսի շուն ունի, հանգույց է սարքել, որը նետել է անհանգիստ շան վրա՝ նրան պահելու համար։ Այդ ժամանակ մեկ այլ ոստիկան՝ հարեւանների հետ ծանր վիճակոմ գտնվող Բերկովիչին տուն են մտցրել։ Տղամարդը մի քանի ժամ մնացել էր 20 աստիճան սառնամանիքի մեջ եւ սառել էր։ Հիվանդանոցում բժիշկները ախտորոշել էին սրտի կաթված, սակայն այժմ ծննդատան գլխավոր բժշկի կյանքին ոչինչ չի սպառնում։





























