Թուրքական Konsensus հետազոտական եւ խորհրդատվական ընկերության կողմից անցակցված հարցումների արդյունքում պարզվել է, որ Թուրքիայի ներկայիս վարչապետ, իշխող «Արադարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նախագահի թեկնածու դառնալու պարագայում իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնում թուրքական հասարակությունը ցանկանում են տեսնել Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանին։
Թուրքական Haberturk-ի պատվերով իրականացված հարցման մասնակիցները «ո՞ր կուսակցությանն եք ընտրելու առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում» հարցին պատասխանել են՝ 50.4 տոկոսը՝ «Արդարություն եւ զարգացում», 27,9 տոկոսը՝ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական», 13 տոկոսը՝ «Ազգայնական շարժում» եւ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությանը՝ 6,4 տոկոս։
«Եթե վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թեկնածությունը դնի նախագահական ընտրություններին, ում կուզեք տեսնել իշխող կուսակցության առաջնորդի պաշտոնում» հարցին, մասնակիցների 21,8 տոկոսը նախընտրել է փոխվարչապետ, նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանին։ Բաբաջանին հետեւել են մյուս փոխվարչապետ Բյուլենթ Առընչը եւ նախագահ Աբդուլլահ Գյուլը՝ 21,2 եւ 21 տոկոս ձայներով։
Նշենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղված «ֆուտբոլային դիվանագիտության» սկսվելու ժամանակ Թուրքիայի արտգործնախարարն էր Ալի Բաբաջանը։



























