Բաքվում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը կքննարկվեն վրաց-ադրբեջանական սահմանի սահմանագծման հարցեր: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: 

«Դա վերաբերում է նաեւ Դավիթ Գարեջի վանական համալիրի, Կարմիր կամուրջի եւ շատ այլ հարցերի, եւ մենք շահագրգռված ենք այդ հարցերի կարգավորման հարցում», - ընդգծել է նա, հաղորդում է «Գռուզիա օնլայնը»:

Բիձինա Իվանիշվիլին նաեւ շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին` երկրին «լավ գնով» բնական գազ մատակարարելու համար:

Վարչապետն ափսոսանք է հայտնել, որ կառավարությունը չի կարող զգալի նվազեցնել բնական գազի  գները բնակչության համար, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

Հիշեցնենք, որ Իվանիշվիլիի այցն Ադրբեջան կկայանա դեկտեմբերի 26-ին: Ավելի վաղ վրացի վարչապետն արդեն հայտարարել էր, որ մի քանի  հարց ունի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի վերաբերյալ, որն, ըստ նրա, «ինչ-որ փուլում կարող է օգտակար չլինել Վրաստանին»: