Մոսկվայի մարզում ձերբակալվել են ութ գործազուրկ ադրբեջանցիներ, որոնք առեւանգել են համերկրացուն` 25 միլիոն ռուբլի փրկագին ստանալու ակնկալիքով:

Փրկված տղամարդը ոստիկաններին պատմել է, որ իրեն Մոսկվայում դեկտեմբերի կեսին առեւանգել էին չորս անհայտ անձինք: Նրանք ծեծել են  տղամարդուն եւ կրակել որովայնին:  Առեւանգումից հետո սկսել են զանգահարել նրա հարազատներին` պահանջելով 25 միլիոն ռուբլու փրկագին: Ավելի ուշ գումարն իջեցրել են մինչեւ 15 միլիոնի:

Նրան  շուրջօրյա հսկողության տակ են պահել,  կապած ձեռքերով, գլխին պարկ հագցրած, պարբերաբար ծեծել եւ տանջել են, գրում է «Վ Մոսկվե»-ն:

Ձերբակալվածներից մեկի նկատմամբ դաշնային հետախուզում էր հայտարարված նախկինում կատարած կողոպուտի համար: Այն վայրում, որտեղ պահել էին պատանդին, հայտնաբերվել է որսորդական հրացանի դետալ եւ տրավմատիկ ատրճանակ:

Քրեական գործ է հարուցվել մի խումբ անձանց կողմից հանցավոր համաձայնությամբ մարդ առեւանգելու փաստով: Առավելագույն պատիժը 15 տարվա ազատազրկումն է: