Չնայած, որ բնապահպանական ոլորտում Վրաստանում որակյալ կադրերի պակաս չկա, երկիրն այդուհանդերձ կանգնած է իրական խնդիրների առջեւ: Այդ մասին, ինչպես գրում է «Ախալի թաոբա» թերթը, հայտարարել է Մցխեթի-Մթիանեթիի նախկին նահանգապետ Շալվա Օբգաիձեն:
Նրա խոսքով, Վրաստանում բնապահպանական գործողությունների ռազմավարություն չկա, որը պետք է լիներ երկրի զարգացման ռազմավարության բաղկացուցիչ մասը: Ընդ որում, երկրի ղեկավարությունը, ըստ նրա, գործնականում հրաժարվել է բնական միջավայրի պաշտպանությունից: Օբգաիձեն նշել է, որ իշխանություններն առանց ուշադրության են թողնում նաեւ փաստը, որ երկրի տարածքը, հատկապես արեւմտյան Վրաստանը, աղտոտված է ռադիոնուկլիդներով, որոնք ռադիացիոն նորման գերազանցում են 10-ից 30 անգամ:
Բացի այդ, չի իրականացվում բնապահպանական աուդիտ, գոյություն չունի շրջակա միջավայրի դիտարկման միացյալ համակարգ: Եթե իշխանությունները շուտափույթ չսկսեն անհրաժեշտ միջոցառումներ, Վրաստանը կկանգնի բնապահպանական աղետի առջեւ:


























