NEWS.am-ը «Ամանորը հին ու նորերի հետ» շարքի շրջանակներում այս անգամ զրուցել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրան Զոհրաբյանի հետ:
Նա Ամանորը անց է կացնելու տանը` ընտանիքի հետ, եւ առհասարակ չի պատկերացնում, թե ինչպես են Ամանոր դիմավորում այլ վայրում: Թեեւ շատերը դժգոհում են, որ Ամանորին հոգնում են, հյուրերը շատ են, Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենց ընտանիքում մեծ աժիոտաժ չի լինում եւ եթե լինում էլ է, ապա ինքը այդ օրերին կարողանում է ժամանակ հատկացնել հանգստանալուն ու տարվա ընթացքում կուտակած գրքերը կարդալուն: «Ամանորը ինձ համար ինչ-որ տեղ հանգստի, հանգստանալու,գիրք կարդալու ժամանակ է»,- ասաց նա:
Խոսելով նախապատրաստությունների մասին` Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ խոհանոցում է հայտնվում դեկտեմբերի 29-ից եւ մինչեւ դեկտեմբերի 31-ը հասցնում է ամեն ինչ պատրաստել: Աշխատում է ծանր, կալորիաներով հարուստ ուտեստներ, օրինակ` բդեր, չպատրաստել, փոխարենը նախընտրում է թեթեւ ուտեստներ` աղցաններ, մրգային կոմպոզիցիաներ եւ այլն: «Նախընտրում եմ պատրաստել անձամբ, որովհետեւ եթե մայրիկս պատրաստի, մտավախություն կա, որ շատ կալորիական կլինեն: Մեզ մոտ մենթալիտետ կա, որ Ամանորը դա լավ ուտելու տոն, մինչեւ խեղդամահ ուտելու տոն է, բայց ավելի մեծ վնաս սեփական առողջությանը, քան ամանորյա սեղաններն են, ուղղակի հնարավոր չէ պատկերացնել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:Ամեն տարի նոր աղցան է պատրաստում եւ այս տարի կպատրաստի ընկերուհու որդու հարսանիքի սեղանին համտեսած աղցանը` տավարի մսով եւ տարբեր բանջարեղեններով: Իսկ տարատեսակ «բդերի» փոխարեն Նաիրա Զոհրաբյանը պատրաստելու է տավարի մսով ուտեստ` քաղցրի եւ կծուի համադրությամբ: Խմորեղենը, բլինչիկի լավաշները կպատրաստի քույրը, բլինչիկի միջուկը` մայրը: Ամանորին պատգամավորի ծախսը կազմում է մոտ 1000 դոլար:
Պատգամավորը ուշադրություն է դարձնում նաեւ տան տոնական զարդարանքին: Նա պատմեց, որ աշխարհի բոլոր ծայրերից, այն երկրներում, որտեղ լինում է, միշտ բերում է տոնածառի խաղալիքներ եւ կարող է վստահորեն ասել, որ իրենց տոնածառի խաղալիքները բացառիկ են իրենց գեղեցկությամբ: Այդ ամենը նա տվել է իր աղջկան, որպեսզի թոռնիկի համար տոնածառ պատրաստեն:
Նաիրա Զոհրաբյանը զգուշացնում է, որ իրեն բարդ է նվեր ընտրելը եւ խորհուրդ է տալիս օծանելիք չընտրել, քանի որ շատ քմահաճ է օծանելիքի հարցում, ունի մեկ-երկու սպեցիֆիկ հոտ, մնացածները ալերգիկ սուր ռեակցիաներ են առաջացնում: Բայց Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ճաշակով նվերից երբեք չէր հրաժարվի: Պատգամավորը վաղուց գնել գնել է հարազատների, մտերիմների համար բոլոր նվերները: Ըստ որում` գնում է այն նվերները, որոնք անձամբ է հավանում եւ որոնք անձամբ կօգտագործեր: «Մարդիկ հավաքում են անպիտան նվերների մի ամբողջ խմբաքանակ եւ փորձում են սաղացնել ուրիշների վրա»,- ասաց նա: «Բոնբոնեռկա, կոնյակով» ավանդական այցելությունները Նաիրա Զոհրաբյանի սրտով չեն, այդ մասին գիտեն նրա հարազատները եւ չեն նեղանում:
Աստղագուշակներին հետեւելը եւ տարվա խորհրդանիշ «կենդանուն հաճոյանալու» համար զանազան միջոցների դիմելը եւս նրա ոճով չեն, պատգամավորը սնահավատ չէ: Նա գոհ է նաեւ 2012թ խորհրդանիշ` «Վիշապից» ` ասելով, որ նորմալ տարի էր` բոլոր առումներով եւ հույս ունի, որ 2013թ շատ ավելի լավը կլինի: Ի դեպ,այս տարին հենց իր տարին է, Նաիրա Զոհրաբյանը ծնվել է «օձի» տարում: Թե ինչ է ցանկանալու 2013թ, բացահայտեց անձամբ պատգամավորը: «Տարիքի հետ փոխվում են նաեւ ցանկությունները, ակնկալիքները, այժմ բոլոր ցանկությունները կապված են իր երեխայիս, թոռնիկիս բարեկեցության հետ: Չեմ սիրում հայրենասիրական ճառեր ասել, վերջին շրջանում հայրենասիրությունը դարձել է փեշակ, ով չի ալարում, խոսում է հայրենասիրությունից, բայց կցանկանայի արդար երկրում ապրեինք, որ մեր քաղաքացին երկիրը չլքի: Ապրենք այնպիսի երկրում, որ միակ գերակա թելադրողը լինի օրենքը: 2013թ թող մոտեցնի այն Հայաստանին, որը մեզնից յուրաքանչյուրը ունի իր մտքում իր երեխայի, ընտանիքի, հարազատների համար»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը` շեշտելով, որ հրաշքներ լինում են, եւ արդարությունն ու բարին միշտ հաղթելու են:




























