Ամանորի կապակցությամբ NEWS.am-ը ներկայացնում է «Ամանորը հին ու նորերի հետ» շարքը: Զրուցել ենք մի շարք քաղաքական գործիչների հետ, ամփոփել 2012թ, բացահայտել թաքուն պահած երազանքները, տեղեկացել նրանց Ամանորը նշելու սովորույթների, սեղանի ծախսի եւ այլնի մասին:  Զրուցել ենք ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի հետ:

Ամփոփում ենք 2012թ: Ինչպիս՞ին էր անցնող տարին ձեզ համար անձնական եւ անանձնական տեսանկյունից:

Հերթական տարի էր, լի՝ նոր զարգացումներով ու նոր դասերով: Մեկ անգամ եւս առիթ ունեցա ճանաչելու, թե ովքեր են իրական ընկերներս, եւ շատ շնորհակալ եմ դրա համար: Տարի էր, որը նոր պարտավորություն է ավելացրել իմ կյանքում. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր դառնալով՝ պետք է ջանամ գործընկերներիս հետ կյանքի կոչել մեր թիմի նախընտրական ծրագրերը:

Որտե՞ղ եւ ո՞ւմ հետ եք նշելու այս Ամանորը:

Ինչպես միշտ տանը՝ ընտանիքիս հետ: Շատ ուրախ եմ, որ այս տարի, ի տարբերություն նախորդի, բոլոր բալիկներս ներկա են լինելու:

Ինչպե՞ս եք պատրաստվում Ամանորին:

Ինչպես յուրաքանչյուր ավանդական հայ ընտանիք՝ ուրախ տրամադրությամբ, նվերներ պատրաստելով, տոնական ամանորյա զարդարանքներով, եւ բնական է՝ համապատասխան ամանօրյա առեւտրով:

Ամանորը` որպես տոն, ի՞նչն եք սիրում եւ ի՞նչը` չեք սիրում:

Սիրում եմ նվերներ տալ, ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ, օգտագործել առիթն՝ այցելելու բարեկամներիս եւ ընկերներիս: Ցավոք, այնպես է ստացվել, որ մարդիկ ստիպված են լինում հանդիպել միայն տխուր առիթներով եւ ավելի ու ավելի հազվադեպ են կիսում միմյանց ուրախությունը: Ամանորն այն տոներից է, երբ ուրախություն ես կիսում: Չեմ սիրում, երբ սխալվում եմ նվերների ընտրության մեջ:

Ամանորյա նախապատրաստություններից որո՞նք են ձեր վրա: Տունը, տոնածառը զարդարելու պրոցեսին մասնակցո՞ւմ եք:

Ավանդաբար միշտ ամեն ինչ միասին ենք անում տիկնոջս եւ բալիկներիս հետ: Ուրախ եմ, որ այս տարի նույնպես ամեն ինչ միասին ենք անելու: Բնական է, որ ծանր գործերը՝ տոնածառը բերել, տանել, կանգնեցնել, հոսանքայի միացումներն անել իմ բաժինն է, բայց խաղալի՛ք էլ եմ կախում, ձեւավորմա՛նն էլ եմ մասնակցում:

Ինչքա՞ն է կազմում Ամանորի ձեր ծախսը գոնե մոտավորապես, անպայման գումար նշել:

Դե փորձենք հաշվել: Դեկտեմբերի 26-ին տղայիս ծննդյան օրն է , դեկտեմբերի 30-ին՝ երկրորդ աղջկաս: Այնպես որ, ինչ էլ պատրաստած լինենք, շատ հաճախ պետք է լինում կրկին գնալ գնումների: Ձմեռ պապիկին ուղղված երեխաներիս նամակի նվերների ցանկը սովորաբար բաղկացած է լինում յուրաքանչյուրին մի քանի նվերներից: Ընկերական շրջապատս մեծ է, նաեւ 9 զույգի քավոր ենք, որոնցից վեցը Երեւանում են ապրում: Հյուրեր ընդունելով, հյուր գնալով` երեւի մոտ կես միլիոն կկազմի:

Ամանորյա սեղանին ձեր սիրելի ուտեստը ո՞րն է, ամենաշատը ինչքա՞ն կարող եք խմել եւ ի՞նչ, խոսքը ոգելից խմիչքի մասին է:

Ընդհանրապես ուտելիքի հանդեպ քմահաճ չեմ: Ցանկացած բան գինով կուտվի: Բայց շատ եմ սիրում լոբու պաշտետ, կարմիր բիբար եւ աջիկա: Կծու-թթուի հանդեպ անտարբեր չեմ: Խմիչքներից ամենասիրելին իմ ձեռքով պատրաստած գինին է: Բնական է, որ տանը միշտ թթի օղի կա, եւ արդեն երկու տարի է՝ նաեւ սեփական ձեռքով «արտադրած» խաղողի օղի: Քանակը միշտ կապ ունի տրամադրության հետ: Կարող եմ քեֆ անել եւ՛ առանց «հոտ քաշելու», եւ՛ լիտրերի հասնող քանակության «վերջը» տալով:

Ամանորից առաջ կարդո՞ւմ եք բոլոր աստղագուշակները, գուցե նաեւ այցելում գուշակների, հետեւում տենդենցներին, թե ինչ հագնել, որ տարվա խորհրդանիշ կենդանին «քաղցր աչքով» նայի ձեզ:

Դե, անպայման գնում ենք տարվա խաղալիք-խորհդանիշը: Գուշակներին չեմ հավատում եւ նախընտրում եմ ինքնուրույն կերտել կյանքս՝ իրականացնելով երազանքներս:

Ամանորը մանուկ հասակում` տոպրակի սպասելիս, Ձմեռ պապիկի մորուք քաշելիս եւ այլն: Մի դրվագ կհիշեք: Ձեր ամենառոմանտիկ, ամենաուրախ եւ տխուր Ամանորը:

Ծնողներս միշտ ամեն ինչ արել են, որ Ամանորը լինի տոն, իսկական տոն: Մանուկ հասակում ամենահիշվող նվերս «ծովային մարտ»ն էր, քանի որ ամենացանկալին էր: Դա այսօրվա թվային խաղերից չէր. թերեւս նույնիսկ պարզունակ խաղ էր, բայց հիշում եմ՝ ուրախությանս չափ ու սահման չկար: Ամենառոմանտիկը՝ 1994 թվականին Բորխանի բարձունքին նստած նամակ էի գրում իմ սիրած աղջկան, իսկ տաս օր հետո կարողացա ինքս իրեն տալ այդ նամակը: Երազանքների կատարման լավագույն օրինակն է: Չի կարելի տխուր նշել Նոր Տարին՝ չէ՞ որ ասում են. «Ինչպես դիմավորես, այնպիսին էլ տարին կշարունակվի»: Երազե՛ք, ուրախացե՛ք ու վայելե՛ք Ամանորը, ու ամեն ինչ շատ լավ կլինի:

Կարո՞ղ է նախորդ տարի Ձմեռ պապիկից խնդրել եք մանդատ, իսկ այս տարի ի՞նչ եք խնդրելու, թե ինչպես բոլոր տղամարդիկ` ձեր սպասլիքները միայն Ձյունանուշից են:

Ձմեռ պապիկից ես միշտ խնդրում եմ առողջություն, իսկ մնացածն ինքնուրույն պետք է անել: Ես իմ «էգոիզմի պահանջը» բավարարում եմ ընկերներիս ու բարեկամներիս համար խնդրանքներով՝ մեկի համար բալիկ, մյուսի համար հարսնացու ... Դե, հետեւելով Ձեր խորհրդին, միգուցե այս տարի Ձյունանուշիկին խնդրեմ, մեկ էլ տեսար, ինքն ավելի լավ դրանք կիրականացնի (ծիծաղում է-NEWS.am): Իսկ ես անշուշտ կվայելեմ ընկերներիս եւ բարեկամներիս ուրախությունը:

Եթե ձեզ հրավիրեին մասնակցելու դիմակահանդեսի, ի՞նչ կերպարով հանդես կգայիք:

Դերասանական հմտություններ ունեմ, եւ երեւի ցանկացած դեր կարող եմ մարմնավորել: Հանդեսը վարողից մինչեւ Ձմեռ պապիկի նվերների պարկը տանողը: Կարեւորը՝ դա անել սրտանց եւ ուրախություն պարգեւել: