Մենք ձեզ նման սպասում ենք Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, այնպես որ` ոչ մի որոշակիություն չկա:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ կազմում գտնվող Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության առաջնորդ, ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը։ Նա հերքեց լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը ժողով է անցկացրել, որտեղ հավաքվել է ՀԱԿ ակտիվը: «Դա զուտ խոսակցությունների մակարդակով է, ժողով չի եղել»,- ասաց նա:
Նա չցանկացավ մեկնաբանել «Ազատություն» կուսակցության ղեկավար, ՀԱԿ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին հայտարարությունը: «Ես արտահայտել եմ մեր կուսակցության տեսակետը, եւ առայսօր այն կարծիքին եմ եւ շատերն են այդ կարծիքը կիսում, որ քաղաքական դաշտն ի վիճակի է կոնսոլիդացնել միայն Լեւոն Տեր-Պետրոսյանը: Միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման դեպքում կարող ենք ձեռնոց նետել գործող վարչախմբին եւ հաղթանակ ապահովել»,-- ասաց նա: Հարցին, թե եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվի, հնարավո՞ր է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը սատարի Հրանտ Բագրատյանին, Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Եթե չառաջադրվի, այն ժամանակ էլ կմտածենք»: «Վստահ եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջադրվելու է»,-ասաց ՀԱԿ պատգամավորը:



























