Վանաձորի շտապբուժօգնության կայանի կողմից սպասարկված կանչերի թիվը 2000-ով ավելին է նախորդ տարվա կանչերի թվից: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Վանաձորի շտապ բուժօգնության կայանի ավագ բույժքույր Ռուզաննա Աստոյանն ասաց, որ ընթացիկ 2012 թվականին, Վանաձորի շտապ բուժօգնության կայանը սպասարկել է ընդհանուր առմամբ 17136 կանչ, որոնք շուրջ 2000-ով ավելի են, քան նախորդ տարվա կանչերի թիվը: Ընդ որում, սա մինչեւ դեկտեմբերի 1-ը ստացված կանչերի տվյալներն են, ու ողջ դեկտեմբերի ընթացքում ցուցանիշը, թերեւս, ավելի կբարձրանա:
Բաժանմունքի ավագ բուժքույր Ռուզաննա Աստոյանը նշում է, որ կանչերը հիմնականում սիրտ-անոթային համակարգերի, հիպերտոնիկ կրիզների, ստամոքսաաղիքային տրակտի հիվանդությունների, նյարդային համակարգի խանգարումների հետ են կապված:
Ավագ բուժքրոջ խոսքով՝ շատացել է նաեւ անհիմն կանչերի թիվը: Միայն այս տարի Վանաձորի շտապ բուժօգնության կայանն ունեցել է 256 անհիմն կանչ, որոնք, ըստ բաժանմունքի ավագ բուժքրոջ, միայն խանգարում են կայանի աշխատանքին: «Էդ պահին հնարավոր է ինֆարկտի ախտանիշներով մեկը զանգահարի, իսկ մենք ազատ բրիգադ չունենանք, որովհետեւ որեւէ անհիմն կանչի համար են գնացել, ու տեղ հասնելով տեսել, որ իրենց օգնության կարիքն ամենեւին չկա»,-ասաց նա:
Վանաձորի շտապ բուժօգնության կայանն աշխատում է 4 բրիգադով, NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Ռուզաննա Աստոյանը նշեց, որ Ամանորին բրիգադների թիվը չի ավելանալու, եղած բրիգադներն էլ աշխատում են ծանրաբեռնված: «Հիմնականում հերիքում են կանչերը սպասարկելու համար, նայած օրվա»,-ամփոփեց նա:





























