Լեւոն Տեր-Պետրոսյանը հաշվարկել գիտի, երեւի, հաշվարկել ու գտել է, որ չի կարող ռեժիմի դեմ պայքարել ու հաղթանակ տանել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը` մեկնաբանելով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու մասին որոշումը:

«Երկրորդ, եթե հիշում եք նա վերջերս ասաց, որ ինքը խորհրդակցելու է աշխարհի խոշոր գերտերությունների ղեկավարների հետ որպեսզի որոշի` դնի, թե ոչ: Ուրեմն, երեւի, կա աշխարհի խոշոր գերտերությունների բացասական գնահատականը»,- ավելացրեց Գառնիկ Մարգարյանը: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ից հնարավոր այլ առաջադրումներին, Գառնիկ Մարգարյանը նշեց, որ կոնգրեսն այլեւս պոտենցիալ չունի, քանի որ մաշվել է, մարել է եւ այդ թույլ ուժերով հասկանում է, որ հաղթանակ չի կարող ապահովել: Հատկապես այն դեպքում, որ սա 2007թ-ը չէ:

Հարցին` «Հայրենիք ու պատիվ» կուսակցությունը շարունակելու է մնալ ՀԱԿ-ի կազմում, Գառնիկ Մարգարյանն ասաց, որ ՀԱԿ, որպես իրավական մարմին, գոյություն չունի: «Համաձայնագիրը իրեն սպառել է: Այնտեղ մնալ-չմնալը էական չէ: Այնտեղ գրված էր` սահմանադրական կարգով գնալ արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների: Այդ երկու հարցն էլ իրենց սպառել են: Իսկ մեր վերջնական որոշումը կլինի երկուշաբթի»,- արձագանքեց Գառնիկ Մարգարյանը:

Նշենք, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին տված հարցազրույցում հայտնել է, թե մտադիր չէ առաջադրել իր թեկնածությունը: «Որքան ինձ հայտնի է, դեռեւս ոչ ոք չի բարձրացրել այն հարցը, թե արդյոք սեփական ժողովրդին հարգող մարդը կարո՞ղ է վաթսունութ տարեկան հասակում հավակնել նախագահի պաշտոնին: Զարգացած ժողովրդավարական երկրներում սովորաբար այդպիսի բան տեղի չի ունենում»,- մասնավորապես ասել է նա: