Դեկտեմբերի 25-ին Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Save the children» կազմակերպության տնօրեն Իրինա Սաղոյանին եւ ծրագրի ղեկավար Ֆիլիպ Հովհաննիսյանին:

ՍՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման նպատակը Հայաստանում գտնվող սիրիահայերի որոշ հիմնախնդիրների համար լուծումներ որոնելն էր: Նախարարը տեղեկացրեց, որ սփյուռքի նախարարությունը ՀՀ նախագահի հանձնարարությամբ սիրիահայերի հետ տարվող աշխատանքների համակարգող նախարարությունն է,  ներկայացրեց մինչ օրս նախարարության նախաձեռնությամբ պետական մարմինների եւ այլ գերատեսչությունների հետ իրականացված աշխատանքի արդյունքները: Նախարարը նշեց,  որ Հայաստանում գտնվող սիրիահայերը հիմնականում խնդիրը շարունակում է մնալ աշխատանքի եւ բնակարանի հարցը:

Նախարարն առաջարկեց, հաշվի առնելով Քասախ գյուղում կազմակերպության՝ փախստականների համար նախատեսված շենք կառուցելու փորձը, սիրիահայերի համար եւս նմանատիպ նախաձեռնությամբ հանդես գալ, եւ առաջիկա ծրագրերում առաջնահերթ ուշադրության կենտրոնում պահել սիրիահայերի համար բնակարաններ կառուցելու անրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին «Save the children»-ի ներկայացուցիչերը տեղեկացրեցին, որ նախարարության տրամադրած տեղեկատվության հիման վրա կկազմվի ծրագիր, որով էլ կդիմեն միջազգային կազմակերպություններին՝ անհրաժեշտ միջոցներ ներգրավելու նպատակով: