Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության նորընտիր վարչության անդրանիկ նիստը` կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ:
Վարչությունը որոշել է 2013թ. նախագահական ընտրություններին «Օրինաց երկիր» կուսակցության մասնակցությունն ապահովելու եւ աշխատանքները կազմակերպելու համար նախընտրական շտաբի ղեկավար ընտրել Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանին:
Վարչությունը լսել է ՕԵԿ տարածքային մարմինների հաշվետվությունները կուսակցության կառույցների աշխատանքների մասին:
Նիստում անդրադարձ է եղել Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական հարցերի լայն շրջանակի:
Նիստի ավարտից հետո Արթուր Բաղդասարյանը վարչության անդամներին հրավիրել է տոնական ընդունելության, որտեղ իր ամանորյա շնորհավորական խոսքում նասնավորապես նշել է. «Մենք 2013թ. ենք մտնում նոր ակնկալիքներով, նոր հույսերով ու ծրագրերով: Դրանք մենք կյանքի ենք կոչելու համատեղ պայքարով ու աշխատանքով, եւ, համոզված եմ, հաջողություն ենք ունենալու:
Անցնող 2012թ.-ն «Օրինաց երկիր» կուսակցության համար նշանավորվել է բազմաթիվ ծրագրերի, օրենսդրական նախաձեռնությունների իրականացմամբ: Մենք շարունակեցինք բարեփոխումների հետեւողական խորացումը, որոնք նպատակ ունեն մեր երկրում, բոլորի ընտանիքներում ինչ-որ բան փոխելու դեպի լավը, լուսավորն ու նորը: 15 տարվա ժամանակի շղթայում, այս տարի եւս, մեր աշխատանքի գրավականն ապագայում առավել բարեկեցիկ կյանք ապահովող գաղափարների կենսագործումն է: Գաղափարներ, որոնց առանցքում ժողովրդավարական զարգացած Հայաստանը, մրցունակ տնտեսությունը, պաշտպանված քաղաքացին են:
Ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի եւ Սուրբ ծննդի առթիվ, ձեզ եւ ձեր հարազատներին մաղթում եմ առողջություն, հաջողություն եւ ամենայն բարիք, կամք եւ վճռականություն` նախընտրած ճանապարհից չշեղվելու, մեր ծրագրերը կեսճանապարհին չթողնելու համար: Իհարկե, կան խնդիրներ, որոնք իրենց լուծումն են պահանջում, եւ մենք պատրաստ ենք դրանց լուծման համար` մեր երկրի անվտանգության ապահովման, ժողովրդի սոցիալական պաշտպանվածության եւ ժողովրդավարական արժեքների ամրագրման համար:
Թող 2013թ.-ը Հայաստանի Հանրապետության համար լինի խաղաղության, մեր ժողովրդի համար բարօրության ու առաջընթացի տարի»:





























