Հայ ազգային կոնգրեսում վաղը` դեկտեմբերի 26-ին, կկայանա քաղխորհրդի նիստ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը: Թե ինչ է քննարկվելու քաղխորհրդի նիստին, նա չկարողացավ նշել, քանի որ քաղխորհրդի անդամ չէ:

Հայտնի չէ, թե ՀԱԿ-ը երբ կհայտարարի առաջիկա նախագահական ընտրություններում որեւէ թեկնածու առաջադրելու կամ որեւէ թեկնածուի սատարել- չսատարելու մասին: ՀԱԿ անդամները խուսափում են հեռախոսազանգերին պատասխանել:

Նշենք, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին տված հարցազրույցում հայտնել է, թե մտադիր չէ առաջադրել իր թեկնածությունը: «Որքան ինձ հայտնի է, դեռեւս ոչ ոք չի բարձրացրել այն հարցը, թե արդյոք սեփական ժողովրդին հարգող մարդը կարո՞ղ է վաթսունութ տարեկան հասակում հավակնել նախագահի պաշտոնին: Զարգացած ժողովրդավարական երկրներում սովորաբար այդպիսի բան տեղի չի ունենում»,- մասնավորապես ասել է նա: