Դեկտեմբերի 18-ին Լոռիի մարզում դաժանորեն մորն սպանած 20-ամյա Յուրիկ Ավագիմովի քույրն ու եղբայրը դեռեւս գյուղ չեն վերադարձել: Այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում ասաց Պետրովկա համայնքի ղեկավար Հովիկ Գրիգորյանը: «17-ամյա քույրն ու 11-ամյա եղբայրը դեպքից հետո ապրում են մորքարոջ տանը՝ Կաթնառատ գյուղում, եղբայրը դպրոցական է, դեռ դասի չի գալիս…»,-ասաց նա: Երեխաների հետ կնոջ քրոջ տուն է տեղափոխվել նաեւ ընտանիքի հայրը: Շրջանառվող լուրերի համաձայն երեխաներին ցանկացել են հանձնել մանկատուն, սակայն քույրը հրաժարվել է:

Գյուղում պատմում են, որ Յուրիկ Ավագիմովի մոտ մինչ այս տարվա ամռանը տեղի ունեցածը երբեք հոգեկան խնդիրներ չեն նկատվել: «Իր համար խելոք ապրում էր, էստեղ-էնտեղ փորհացի գործեր անում, ով ինչով կարողանում էր, օգնում էր, ասում էինք` էս բանն արա, անում էր, չէինք ասում, չէր անում»,-NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում պատմել են գյուղացիները, մինչ օրս դժվարությամբ հավատալով կատարվածին. «Գալիս էր ասում գործ չունեք, տվեք անեմ, որ հաց տաք….խելոք տղա էր»:

Գյուղացիների փոխանցմամբ` ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Յուրին իր 17-ամյա քրոջ հետ այս տարի գյուղից մեկնել է Աշտարակ աշխատանքի, էնտեղ նրան ծեծի են ենթարկել, հարվածել գլխին, ինչի արդյունքում էլ 20-ամյա տղայի մոտ առաջացել է հոգեկան խանգարում: Մեկ այլ վարկածով էլ երիտասարդին այս վիճակին է հասցրել ընտանեկան սոցիալապես ծանր պայմանները:

Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am