Ուկրաինան մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ համագործակցության համակողմանի զարգացմանը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան:

Ըստ նրա՝ այս տեսակետից կարեւոր  էր Երեւանում նոյեմբերի 19-20-ն անցկացված հայ-ուկրաինական միջկառավարական տնտեսական համագործակցության  հանձնաժողովի  համատեղ 6-րդ նիստը:

Ուկրաինական կողմից հանձնաժողովը գլխավորում էր կորպորատիվ իրավունքների եւ  գույքի կառավարման պետական գործակալության նախագահ Դմիտրի Կոլեսնիկովը, հայկական կողմից՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

Դեսպանը հայտնել է, որ առաջին հերթին քննարկվել են տնտեսական բնույթի օրակարգային հարցեր: Հանձնաժողովի նստում բարձրացվել են նաեւ համագործակցության նոր ուղիներ գտնելու  օրակարգային հարցեր:  «Ուկրաինան պատրաստ է քննարկել Հայաստանում տնտեսական ներդրումային նախագծերին մասնակցելու հարցը: Հայաստանն  էլ իր հերթին պատրաստ է մասնակցել Ուկրաինայի տարածքում իրականացվող նախագծերին:

Ուկրաինական կողմը քանիցս հետաքրքրություն է ցուցաբերել ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարության հանդեպ: Նա  պատրաստ է համագործակցել էներգետիկայի տարբեր ոլորտներում, փոքր ՀԷԿ-երի շինարարության գործում», - նշել է Իվան Կուխտան:

Հանձնաժողովի հաջորդ նիստը կանցկացվի աշնանը Կիեւեւմ: Ուկրաինացի դիվանագետը նշել է, որ կարեւոր տարր է այն, որ եթե նախկինում հանձնաժողովը մի քանի տարին մեկ էր հավաքվում, ապա այժմ արդեն պարբերական, ամենամյա հանդիպումներ են տեղի ունենում, ինչն, անխոս, իր արդյունքն է ունենում: