Այդքան անգամ ինչ պլանավորել է, չի ստացվել իր մոտ ու չի ստացվելու։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4–ին, «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի տան դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով այսօր վաղ առավոտյան իր և Սամվել Կարապետյանի տների, ինչպես նաև նրանց հետ առնչվող 60–ից ավելի անձանց հասցեներում համաժամանակյա խուզարկություններին։

Նա դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով. «Վախդ բռնել է մեր թշնամին, դրա համար էլ ինչ ասում ա՝ անում ես»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։

Այս առնչությամբ ՔԿ–ից NEWS.am—ին հայտնել են. «ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»։

Խուզարկություններից հետո Սամվել Կարապետյանը ձերբակալվել է և նրան ԱԱԾ–ականները տարան։

Ավելի ուշ ՔԿ–ն հաղորդագրություն տարածեց, որտեղ նշվում է, որ ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս, քևրեական հետապնդում է հարուցվել Սամվել Կարապետյանի և 35 անձի նկատմամբ։ Սամվել Կարապետյանը ձերբակալվել է։