Ճապոնիայի կառավարությունը մտավախություն ունի, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության կրած պարտությունից հետո կարող է կոշտացնել արտաքին քաղաքական դիրքորոշումը՝ փորձելով այդ կերպ փոխհատուցել ներքաղաքական ձախողումը։ Այս մասին հայտնում է Asahi պարբերականը։
Թերթի աղբյուրների համաձայն՝ Տոկիոյի գլխավոր մտահոգությունն այն է, որ ընտրություններում պարտությունից հետո ԱՄՆ վարչակազմի գործողությունները կարող են ավելի անկանխատեսելի դառնալ։ Մասնավորապես, Թրամփը կարող է կենտրոնանալ արտաքին քաղաքականության մեջ սեփական «ժառանգությունը» ձևավորելու վրա, քանի որ այդ ոլորտում նրա գործողությունները սահմանափակված չեն Կոնգրեսի որոշումներով։
«Եթե Կոնգրեսը դադարի գործել նրա շահերից ելնելով, հնարավոր է՝ նա իր էներգիան ուղղի մեկ այլ՝ դիվանագիտության և անվտանգության ոլորտ»,– պարբերականը մեջբերում է վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչ Սանաէ Տակաիչիի խոսքերը։
Տոկիոն նաև մտահոգված է պաշտպանական ծախսերն ավելացնելու հարցում Վաշինգտոնի հնարավոր ճնշումներով։ «Թրամփը կարող է մեծացնել ճնշումը, որպեսզի հետագայում կարողանա հայտարարել, թե Ճապոնիայից գումար է ստացել»,– թերթին ասել է կառավարության ղեկավարի գրասենյակի մեկ այլ ներկայացուցիչ։
«Ճապոնիան, ըստ ամենայնի, ստիպված կլինի իր արտաքին և անվտանգային քաղաքականությունը կառուցել՝ հաշվի առնելով ԱՄՆ-ում տեղի ունեցած փոփոխությունները»,– եզրափակում է Asahi-ն։
Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել են միջանկյալ ընտրություններ։ Ամերիկացիներն ընտրում էին 100 սենատորներից 35-ին և Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամներին։ Նահանգապետի ընտրություններ են անցկացվել նաև 36 նահանգում։




























