Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ գոյություն ունեցող պայմանագրային-իրավական բազան միանգամայն բավարար է տնտեսական լիարժեք գործունեություն ծավալելու համար, NEWS.am գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան:
Նրա խոսքով, Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ 71 պայմանագիր է գործում: Դրանք միջպետական, միջկառավարական եւ միջտարածաշրջանային համաձայնագրեր են.
«Եթե խոսենք տնտեսական ուղղվածության պայմանագրային-իրավական բազայի մասին, ապա այն բաղկացած է միջպետական 12 համաձայնագրից:
Հատկապես դա վերաբերում է ազատ առեւտրին: Դրա վկայությունն են նաեւ իմ պարբերական հանդիպումները ինչպես հայկական, այնպես էլ ուկրաինական բիզնեսի ներկայացուցիչների հետ, որոնք բազմիցս հաստատել են մեր երկկողմ պայմանագրային-իրավական բազայի համապատասխան մակարդակը բիզնեսի անխափան ընթացքի եւ ընդհանուր տնտեսական գործունեության համար», - նշել է դեսպանը:
Միաժամանակ նա հաստատել է, որ ուկրաինական եւ հայկական կապիտալի մասնակցությամբ համատեղ ձեռնարկություններ դեռեւս չկան: Սակայն դեսպանն ընդգծել է Հայաստանի տարածքում էներգետիկայի եւ մեքենաշինության բնագավառների նախագծերին մասնակցելու Ուկրաինայի պատրաստակամությունը: «Կարծում եմ, որ 2013-2014թթ. նման նախագծեր կիրականացվեն, հնարավոր է, համատեղ ձեռնարկություններ առաջանան», - նշել է Իվան Կուխտան: Ըստ նրա` Հայաստանում եւ Ուկրաինայում ներդրումները հիմնականում վերաբերում են անշարժ գույքի եւ ծառայությունների բնագավառներին, այսինքն` սպասարկման ոլորտի ձեռնարկություններին:




























