Դաղստանին 900 մլն ռուբլի է անհրաժեշտ` Ադրբեջանի տարածքում գտնվող անկլավի դաղստանցիներին իրենց մոտ վերաբնակեցնելու համար: Այդ գումարից 300 մլն ռուբլին կուղղվի բնակարանների կառուցմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ Դաղստանի հանրապետության էկոնոմիկայի նախարար Մարատ Իլյասովը:
«Չեռնովիկ»-ը գրում է, որ խոսքը լեզգիններով բնակեցված երկու բնակավայրերի` Խրախ-Ուբայի եւ Ուրյան-Ուբայի մասին է, որոնք գտնվում են Ադրբեջանում: Դախստանի խորհրդարանի նիստում Իլյասովն ասել է, որ հանրապետական իշխանությունները կազմել են այն մարդկանց ցուցակը, ովքեր ցանկանում են վերաբնակվել, սակայն չեն կարողանում լուծել ֆինանսավորման աղբյուրների հարցը: Նշվում է, որ վերաբնակվողների ցուցակում ավելի քան 400 մարդու անուն կա:
Միաժամանակ, ըստ Իլյասովի, Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը դեռեւս որոշում չի կայացրել այդ նպատակով գումար հատկացնելու վերաբերյալ: ՌԴ Ֆինանսների նախարարությունն առաջարկում է, որպեսզի լեզգինները վերաբնակեցվեն «Ռուսաստանի հարավ» դաշնային նպատակային ծրագրի շրջանակներում` առանց լրացուցիչ միջոցների: «Սակայն ոչ մենք, ոչ Տարածաշրջանային զարգացման նախարարությունը համաձայն չենք դրան»,-ասել է դաղստանցի նախարարը:
Նշենք, որ ԽՍՀՄ փլուզումից հետո այդ երկու գյուղերը դարձան ռուսական անկլավներ Ադրբեջանի տարածքում: Դրանց բնակիչները ՌԴ քաղաքացի են եւ ճնշումների են ենթարկվում Ադրբեջանի իշխանությունների կողմից: Բաքուն ստիպում է որ նրանք կամ Ադրբեջանի քաղաքացի դառնան, կամ վաճառեն իրենց տներն ու հեռանան: Բացի այդ, իշխանությունները փակել են տեղի դպրոցը:
2011 թվականին անկլավի բնակիչները հանրահավաք են անցկացրել Մախաչկալայում` ընդդեմ Ադրբեջանի իշխանությունների:





























