Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր հրապարակեց ՀՀ ազգային գրադարանից եւ Երեւանի պետական համալսարանի գրադարանից առանձնապես խոշոր չափերի գողությունների գործով դատավճիռը: Ըստ այդմ, Վրաստանի քաղաքացի Վաժա Ազարիաշվիլին դատապարտվեց 10 տարվա ազատազրկման՝ գույքի կեսի բռնագրավմամբ:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, ամբաստանյալ Երվանդ Ղամբարյանը դատապարտվեց 5 տարվա, ամբաստանյալ Դավիթ Ղամբարյանը չորսուկես, ամբաստանյալներ Վարդան Եղիազարյանն ու Կարեն Հովհաննիսյանը՝ 4-ական տարվա ազատազրկման: Ամբաստանյալ Հասմիկ Դուրգարյանը դատապարտվեց 5 տարվա պայմանական ազատազրկման՝ նույնքան տարվա փորձաշրջանով, իսկ ամբաստանյալ Աբգար Հովսեփյանը՝ 500 հազար դրամ տուգանքի:
Դատարանը ապացուցված համարեց մեղադրանքն, ըստ որի ՀՀ Ոստիկանության ՊՊԳՎ ՀՁՊ գնդի ոստիկան Երվանդ Ղամբարյանը, Վաժա Ազարիաշվիլին եւ Վլադ Տրուբիցինը 2010թ.-ի հուլիսից մինչեւ 2011թ-ի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում պարբերաբար ապօրինի մուտք են գործել «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի գրապահոց եւ այնտեղից գողացել` գաղտնի հափշտակել են առանձնապես խոշոր չափերի հասնող, ընդհանուր 7.500.000 ՀՀ դրամ արժողության, 1800-1900-ական թվականների հրատարակության, մատենագիտական նշանակություն ունեցող 150 միավոր ռուսերեն տարբեր գրքեր:
Դատարանը հաստատված համարեց նաեւ մեղադրանքն առ այն, որ Վ. Ազարիաշվիլին «Երեւանի պետական համալսարանի» «Սարգիս եւ Մարի Իզմիրյանների» անվան գիտական գրադարանի հնատիպ, հազվագյուտ եւ արվեստի գրականության բաժնի վարիչ Հ. Դուրգարյանի օժանդակությամբ հափշտակել է նաեւ հիշյալ գրադարանին պատկանող, 1700-1800-ական թվականների հրատարակության, մատենագիտական եւ աղբյուրագիտական նշանակություն ունեցող, ընդհանուր առմամբ 5 627 400 ՀՀ դրամ արժողությամբ, ռուսերեն լեզվով 17 տարբեր գրքեր: Ըստ մեղադրանքի, որ Հ. Դուրգարյանը գողացված գրքերի դիմաց Վ. Ազարիաշվիլուց ստացել է 15 000 ԱՄՆ դոլար գումար:
Դատարանն առանց քննության թողեց ԵՊՀ եւ Ազգային գրադարանների քաղհայցերը՝ գործում եղած նյութերի ու տուժողների կողմից ներկայացված քաղհայցերի միջեւ անհամապատասխանության պատճառով: Դատարանը պարզաբանեց, որ քաղհայցվորները կարող են դիմել դատարան՝ քաղաքացիական գործի շրջանակներում:





























