Հայաստանում 2011 թ. գրանցվել է 445 տարերային աղետ, տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Դրանց մոտ կեսը` 222, բաժին է ընկնում երկարաշարժերին (Ռիխտերի սանդղակով մեկ բալ ավելի ուժգնությամբ): Սակայն երկրաշարժից տուժածներ չեն եղել:

Տարերային աղետներից երկրորդ տեղում կարկուտն է` 53 դեպք, տուժածներ չկան: Արձանագրվել է գետերի վարարումների եւ ջրհեղեղների 39 դեպք` կրկին առանց տուժածների:

Ամենաշատ տուժածներ եղել են փլվածքների ժամանակ, ընդամենը 8 դեպք, սակայն 5 մահ եւ 2 վիրավոր: Երկու զոհ է եղել նաեւ ամպրոպից եւ կայծակից, թեեւ նման դեպքերի թիվը եւս շատ չէ` տարվա մեջ ընդամենը 4 կայծակ:

Տարերային աղետներից այլ զոհեր չկան, սակայն կան վիրավորներ` մրրիկներից ու քարաթափումներից: