Մոսկվայում անհայտ տղամարդը հարձակվել է Սպառողների իրավունքների պաշտպանության ընկերակցության ղեկավար Միխայիլ Անշակովի վրա եւ մետաղյա ձողով հարվածներ հասցրել նրա գլխին:
Տուժածի մոտ ուղեղի ցնցում է արձանագրվել, ինչպես նաեւ կոտրվել է ձեռքը:
Հարձակումը տեղի է ունեցել, երբ Միխայիլը վերադառնում էր տուն: Նրա փաստաբան Ռոզա Բարշինան նշել է, որ Անշակովի ձեռքը կոտրվել է, երբ նա փորձել է պաշտպանել գլուխը հարվածներից: Ներկայումս նա գտնվում է հիվանդանոցում:
Տեղի ունեցածը հաստատել են նաեւ Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր վարչությունում, հաղորդում է TOP News-ը:
Միխայիլ Անշակովը հայտնի է Ամենափրկիչ վանական համալիրի հիմնադրամի ղեկավարության դեմ իր հարձակումներով: Նրա կարծիքով, այդ հիմնադրամը վերածել են «բիզնես կենտրոնի»: Աշնանն ակտիվիստը հայտարարություն էր ուղարկել դատախազություն՝ խնդրելով ստուգել վանքի տարածքը ոչ նպատակային օգտագործելու փաստը:





























