Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամրապնդել է իր դիրքերը հայրենի էլիտայի վարկանիշում, որը կազմվել է հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի կողմից: 2012 թվականի նորացված ցուցակում Պուտինը զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ հավաքելով 64 տոկոս ձայն:

Քաղաքացիների կարծիքով, Պուտինը ամենաշատ ներդրումն է ունեցել երկրի զարգացման գործում: Նախորդ տարի նրան այդպիսին էին անվանել հարցվածների 58 տոկոսը, թեեւ այն ժամանակ նա երկրի վարչապետն էր:

Առաջին եռյակում են նաեւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը (41 տոկոս) եւ Սերգեյ Շոյգուն, ով վերջերս նշանակվել է պաշտպանության նախարար: Վերջինս այս տարի հավաքել է 28 տոկոս ձայն, նախորդ տարվա 2 տոկոսի դիմաց, դառնալով «տարվա ամենավառ հայտնությունը»:

Առաջին տասնյակում են Ալլա Պուգաչեւան (18 տոկոս), միլիարդատեր եւ քաղաքական գործիչ Միխայիլ Պրոխորովը (16 տոկոս), Վլադիմիր Ժիրինովսկին (15 տոկոս), կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը (11 տոկոս), հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը (11 տոկոս), երգիչ Ֆիլիպ Կիրկորովը (8 տոկոս) եւ Համայն ռուսիո պատրիարք Կիրիլը (8 տոկոս):

Ցանկում են նաեւ ԱԳ նախարար Սերգեյ լավրովը, շոումեն Մաքսիմ Գալկինը, երգիչ Նիկոլայ Բասկովը, երգչուհի Սոֆյա Ռոտարուն, հեռուստալրագրող Վլադիմիր Պոզները, գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն: 4-ական տոկոս են հավաքել «Սպրավեդլիվայա Ռոսիայի» ղեկավար Սերգեյ Միրոնովը, երաժիշտ Իգոր Կրուտոյը, ռեժիսոր Նիկիտա Միխալկովը, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, հեռուստահաղորդավարներ Քսենյա Սոբչակը եւ Վլադիմիր Սոլովյովը: