Դեկտեմբերի 26-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, ապօրինի թմրամիջոցներ պահելու եւ իրացնելու կասկածանքով, Երեւան քաղաքի Սասունցի Դավթի նրբանցքի եւ Կռիլովի փողոցի խաչմերուկից, «Սամանդ» մակնիշի տաքսի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 51-ամյա Լեւոն Բ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային 2 տոպրակ՝ մարիխուանա թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածներով, ծխախոտի փայլաթիթեղի 2 փաթեթ՝ նմանատիպ զանգվածներով, ինչպես ծխախոտի գլանակ` նույնանման զանգվածի պարունակությամբ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Լեւոն Բ.-ն նշված փաթեթները ձեռք է բերել Երեւան քաղաքի բնակչուհի, 57-ամյա Վարդիթեր Ա.-ից, ով նույն օրը ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների պահանջով իր բնակարանից ներկայացրել է պոլիէթիլենային 7 տոպրակ՝ մարիխուանա թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգվածով` մոտ 59.5 գ ընդհանուր կշիռով:
Վարդիթեր Ա.-ն բերման է ենթարկվել ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ:
Հայտնաբերվածը ուղարկվել է փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Էրեբունու քննչական բաժին:





























