NEWS.am-ի «Ամանորը հին ու նորերի հետ» շարքի շրջանակններում ներկայացնում ենք հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գեւորգյանի հետ:

Ամփոփում ենք 2012թ: Ինչպիսի՞ն էր անցնող տարին ձեզ համար անձնական եւ անանձնական տեսանկյունից:

Այս տարվա ընթացքում տեղի ունեցան ԱԺ ընտրությունները, մասնակից էի եւ մեծամասնական, եւ համամասնական ընտրակարգով: Մնացածը անձնական կյանքում, Փառք Տիրոջը, առողջություն, գեղեցիկ բալիկներս, լավ ընտանիք, էլ ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար: Ես գործ չունեմ անանձնականի հետ, ինչ վերաբերում է ինձ, դա անձնական է:

Որտե՞ղ եւ ո՞ւմ հետ եք նշելու այս Ամանորը:

Ընտանիքիս հետ տանը` Երեւանում: Առայժմ ուրիշ պլաններ չունեմ:

Ինչպե՞ս եք պատրաստվում Ամանորին: 

Զուսպ: Տարիքից է գալիս, այն ժամանակ ոգեւորություն կար, մոտեցումը այլ էր, հասուն տարիքում ավելի զուսպ ես մոտենում Ամանորին:

Ամանորը` որպես տոն, ի՞նչն եք սիրում եւ ինչը` չե՞ք սիրում: 

Սիրում եմ, որ Ամանորը համաժողովրդական տոն է, չեմ սիրում, որ ոմանց համար այն հոգս է դառնում:

Ամանորյա նախապատրաստություններից որո՞նք են ձեր վրա:

Գնումներ կատարելը, տուն, տոնածառ զարդարելը` ոչ, իսկ բակը զարդարելը, ձնածածկույթից մաքրելը, իհարկե, իմ գործն է: Երբ գալիս եմ տուն բուռն աշխատանքային օրվանից հետո, տեսնում եմ, որ երեխաներս գեղեցիկ զարդարել են տունը:

Ինչքա՞ն է կազմում Ամանորի ձեր ծախսը, գոնե մոտավորապես:

Իմ ընտանիքը, ցավոք սրտի, մեծ չէ` մայրս, կինս եւ երկու փոքրիկ երեխաներս, բայց իմ հյուրերն են շատ լինում: Հատուկ ճոխություններ չեմ անում. Պետք է այնպես անել, որ սեղանդ գեղեցիկ լինի եւ թափելու բան չունենաս:

Ամանորից առաջ կարդո՞ւմ եք աստղագուշակներ, գուցե նաեւ այցելո՞ւմ գուշակների, հետեւո՞ւմ տենդենցներին, թե ինչ հագնել, որ տարվա խորհրդանիշ կենդանին «քաղցր աչքով» նայի ձեզ: 

Նման բաները ինձ համար ծիծաղելի են, իմ ընտանիքը ընդհանրապես սնահավատ չէ:

Ձեր երեխաները Ձմեռ պապիկին նամակ գրե՞լ են:

Նրանք կարծես կռահում են, որ Ձմեռ պապին ես եմ, եւ իրենք ուղղակիորեն իրենց ցանկությունը կփոխանցեն ինձ:

Ոստիկանապետի դստերը` ձեր կնոջը, ինչո՞վ եք զարմացնելու Ամանորին, ի՞նչ եք նվիրելու:

Ինչի՞, պետք է զարմացնեմ: Չեմ կարծում, որ կարեւոր է նվերի արժեքը կամ էկզոտիկ լինելը, երեւույթն է գեղեցիկ, դեռ չեմ որոշել, թե ինչ եմ նվիրելու:

Նախորդ տարի Ձմեռ պապիկից մանդա՞տ էիք խնդրել:

Ձմեռ պապիկը ես եմ, ես առհասարակ ոչ Ձմեռ պապիկից, ոչ Աստծուց առարկայական ոչ մի բան չեմ խնդրում: Ես խնդիրները դնում եմ իմ առջեւ եւ լուծում եմ: Ամանորի գիշերն էլ երազանք չեմ պահում. երազանքներս դնում եմ «բարձի տակ» եւ փորձում իրականացնել, այս տարի դեռ չեմ որոշել` ինչ երազանք դնել «բարձիս տակ»:

Այս տարի ի՞նչ եք խնդրելու Ձմեռ պապիկից, թե՞ ձեր բոլոր ցանկությունները Ձյունանուշից են:

Ոչ Ձմեռ պապուց, ոչ էլ Ձյունանուշից, իմ խնդրելու տարիքը անցել է: Հիմա երեւի ժամանակն է, որ ինձ խնդրեն:

Դուք ձեզ Ձմեռ պապիկի տե՞ղ եք դրել:

Իմ ընտանիքի Ձմեռ պապը ես եմ:

Ոստիկանապետ աներոջ տուն ամսի քանիսի՞ն եք գնում, նրանց տո՞ւն եք առաջինը այցելում, թե՞ ձեր հարազատների:

Ամեն տարի ոստիկանապետի տանը հավաքվում ենք Սուրբ Ծննդին, ոստիկանապետը ամբողջ Ամանորի ընթացքում պասի մեջ է լինում եւ իրեն թույլ է տալիս նստել ճոխ սեղանին եւ օգտվել դրանից միայն Սուրբ Ծննդի գիշերը: Հավաքվում ենք հունվարի 7-ի երեկոյան, մինչ այդ հեռախոսով շնորհավորում ենք:

Եթե գաղտնիք չէ, ի՞նչ եք տանում աներոջ տուն` ավանդական «կոնյակ, բոնբոնեռկա», թե...: Քանի՞ կենաց եք խմում եւ ի՞նչ կենացներ եք խմում:

Խմիչքը եւ քաղցարավենիքը ճիշտ է մարդու տուն գնալիս: Իսկ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի սեղանները կենացներով հագեցած չեն լինում: Կենացները լինում են բովանդակալից եւ համառոտ:

Ստացվում է, որ Հայաստանի գլխավոր ոստիկանապետի աչքի առաջ ոգելից խմիչք եք օգտագործում եւ հետո նստում ղեկի՞ն: 

Ես ընդհանրապես խմելու հետ սեր չունեմ, ինձ երբեք խմած չեք տեսնի: Բայց նոր տարի է, եւ կարծում եմ, որ այս օրը ոստիկանությունը մի քիչ ավելի զիջող է լինում եւ եթե վարորդը ակնառու հարբած չէ, չեն պատժում: Ես էլ կոչ եմ անում քաղաքացիներին չափի մեջ մնալ ղեկին նստելուց առաջ, որպեսզի հարամ չանեն ոչ իրենց, ոչ էլ  մեկ ուրիշի Ամանորը:

Սեղանին խմելիս աներոջ մեջ «ոստիկանը չի արթնանում» եւ ասում` մի խմիր:

Իրար հետ խմում ենք, բայց երբեք չենք հարբում: Եթե նկատի, որ ես, իսկապես, խմած եմ, կգտվի մարդ, ով ինձ կուղեկցի: