Ամանորի տոների առթիվ Հայաստանի բոլոր ծերանոցներում, տնային ծառայությունների կենտրոններում տոնական միջոցառումներ են կազմակերպվել, իսկ ծերերի համար՝ նվերներ պատրաստվել: Սակայն ծերերը հասարակության այն խավն են, որոնց համար միշտ կարելի է եւ պետք է ավելին անել: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների եւ ծերերի հարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը:

Այսօր աշխատել ցանկացող ծերերի շրջանում հիմնական խնդիրը զբաղվածությունն է, մյուսների խնդիրները կապված են կյանքի պայմանների բարելավման եւ կենսաթոշակի չափի հետ: Նրա խոսքով՝ 4 պետական եւ 4 ոչ պետական ծերանոցներում խնամք է ստանում 1230 թոշակառու: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը կից գործում է 4 ծերանոց, որոնցից 3-ն ընդհանուր տիպի են, մեկը՝ հատուկ (հոգե-նյարդաբանական տուն-ինտերնատ):

Նախարարության տոն-ինտերնատներում խնամք է ստանում 1090 թոշակառու, 4 ոչ պետական տուն-ինտերնատներում՝ 140 թոշակառու: «Վերջին 10 տարվա ընթացքում տուն-ինտերնատներում խնամք ստացողների թիվն ավելացել է 180-ով»,-ասաց Արթուր Կեսոյանը, հավելելով, որ խնամք ստացողների 51 տոկոսը զավակներ ունի:

Կեսոյանը վստահեցրեց, որ ծերանոցների բնակիչները ստանում են անհրաժեշտ ամեն բան: 2013-ին նախատեսվում է կապիտալ վերանորոգել թիվ 1 տուն-ինտերնատի անկողնային հիվանդների համար նախատեսված բաժանմունքը, անտունների համար նոր ժամանակավոր ապաստան ստեղծել, հոգեկան խնդիրներ ունեցողների շուրջօրյա խնամք ապահովելու համար նոր հաստատություն ստեղծել եւ այլն:

Նշենք, որ վարչության պետի ներկայացմամբ՝ Հայաստանում, բացի շուրջօրյա խնամքից, սոցիալական ծառայություն է մատուցվում միայնակ ծերերին տնային պայմաններում, որի շրջանակներում տնային պայմաններում ծառայություն է մատուցվում Երեւանի 1500 միայնակ ծերերի եւ հաշմանդամների: