Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 27-ին հանդիպում է ունեցել 2012 թվականին բացառիկ հաջողություններ արձանագրած սպորտի բնագավառի մի խումբ ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե իր ելույթում նախագահն անդրադարձել է հանրապետության մարզական կյանքում գրանցված հաջողություններին ու հետագա անելիքներին: Բակո Սահակյանը կարեւորել է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի դերը ինչպես ազգային գենոֆոնդի, բնակչության առողջության պահպանման ու ամրապնդման, մատաղ սերնդի դաստիարակության, քաղաքացիների ակտիվ հանգստի կազմակերպման, այնպես էլ միջազգային ասպարեզում Արցախը արժանավայել կերպով ներկայացնելու գործում:

Երկրի ղեկավարը շնորհավորել է ներկաների գալիք Նոր տարին եւ դրամական պարգեւներ հանձնել 2012 թվականի արդյունքներով բարձր ցուցանիշների հասած մի խումբ մարզիկների եւ մարզիչների:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: