Վրաստանի ամենահարուստ նախարարը միլիարդատեր վարչապետը չէ, այլ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար, հայտնի ֆուտբոլիստ Կախա Քալաձեն: Ըստ հայտարարագրի`  նա յոթ անշարժ գույքի եւ ինը մեքենաների սեփականատեր է: 

Քալաձեն ունի երեք բնակարան, երեք առանձնատուն եւ յոթ հողատարածք Վրաստանում, ինչպես նաեւ բնակարան եւ հողամաս Ուկրաինայում:

Բացի դրանից, Քալաձեին են պատկանում LEXUS LX570,  TOYOTA LC200, RANG ROVER VOGUE, ROLLS ROYCE PHANTOM,  PORSCHE PANAMERA, LAMBORGHINI MURCELAGO, BENTLEY CONTINENTAL, MERCEDES BENZ S65  եւ MERCEDES BENZ S600 մեքենաները, ինչպես նաեւ HARLEY DAVIDSON SPRINGER եւ HARLEY DAVIDSON V ROD մոտոցիկլետները:

Նախարարին են պատկանում նաեւ Լադո Գուդիաշվիլիի եւ Ելենա Ախվլեդիանիի երեքական կտավ, հայտնում է  «Նովոստի Գռուզիան»:

Կախա Քալաձեն ունի նաեւ АО Kala Development-ի 13 միլիոն 95 հազար 775 բաժնետոմս` յուրաքանչյուրը մեկ լարի անվանական արժեքով (0,6 դոլար):

Հայտարարագրի լրացման պահին Քալաձեն նաեւ 30 հազար լարի (18 հազար դոլար) կանխիկ գումար ուներ:

Որպես իտալական Genoa ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ` Քալաձեի եկամուտը 2011թ. կազմել է երկու միլիոն 762 հազար եվրո:  Եվս 68 հազար դոլար նա ստացել է իր մեքենաներից մեկի վաճառքից: 

Ըստ Վրաստանի օրենսդրության`  պետական անձը գույքային հայտարարագիրը լրացնում է  իր նշանակման օրվանից հետո երկու ամսվա ընթացքում: Ընդ որում,  եկամուտները նշվում են նախորդ տարվա  հաշվարկմամբ, շարժական եւ անշարժ գույքի մասին տեղեկությունը`  փաստաթղթի լրացման ամսվանից սկսած, իսկ բանկային հաշիվների տեղեկությունը`  գրանցման օրվա տվյալներով: