Ռուսաստանի պետական դումայի բոլոր 4 խմբակցությունների ներկայացուցիչները նամակ են գրել հեռուստալրագրող Վլադիմիր Պոզներին, հայտնելով, որ մոտ ժամանակներս Պետդումայի օրակարգում կընդգրկեն օրենք, որով այլ երկրի քաղաքացի հանդիսացող քաղաքացիներին կարգելվի աշխատել պետական հեռուստաալիքներում: Պատգամավորներն այդկերպ են պատասխանել «Դիմա Յակովլեւի օրենքի» ընդունման վերաբերյալ լրագրողի արձագանքին:

«Վերջերս Ձեր ռեպորտաժներից մեկում Դուք հայտարարեցիք, որ Պետական դումայի պատգամավորները երկիրը ծիծաղի առարկա են դարձնում, իսկ երկրի բարձրագույն օրենսդիր մարմինը հիմար անվանեցիք»,-ասված է Պոզներին ուղղված նամակում, մեջբերում է «Ինտերֆաքսը»:

Պատգամավորները հայտարարել են, որ մոտ ժամանակներս Պետդումայում օրինագիծ կքննարկեն, որը կարգելի այլ երկրների քաղաքացիներին աշխատել պետական մասնակցությամբ դաշնային հեռուստաալիքներում, եթե նրանք Ռուսաստանը վարկաբեկող արտահայտություններ կամ գործողություններ են թույլ տալիս: Օրինագծի քննարկման ժամանակ, ըստ խորհրդարանականների, Պոզները բազմիցս հայտարարել է, որ աշխարհի քաղաքացի է, «կարող է նոր աշխատանք գտնել իր ամերիկացի կամ ֆրանսիացի գործընկերների մոտ»:

Նշենք, որ ռուսաստանցի պատգամավորներին վրդովվեցրել է Վլադիմիր Պոզների «Պոզներ» ծրագրում արած  հայտարարությունը, որտեղ նա քննադատել է «Դիմա Յակովլեւի օրենքը»: Նամակում նշվում է, որ լրագրողը երբեք վիրավորական սայթաքումներ չի անում իր «մայրենի լեզվի» երկրում (նա Պետական դուման անվանել էր «պետական հիմարություն»), հաղորդում է «Կոմերսանտը»:

«Մենք Ձեզ չենք առաջարկում հրաժարվել ՌԴ քաղաքացիությունից, չենք առաջարկում մոռանալ Ձեր «ֆրանսիական ծագումը» կամ «ամերիկյան հպատակությունը»: Բայց կոչ ենք անում լինել ազնիվ եւ պարկեշտ քաղաքացին այն երկրի, որտեղ Դուք ապրում ու աշխատում եք, երկրի, որը շռայլորեն վճարում է Ձեր աշխատանքի դիմաց»,-ամփոփել են պատգամավորները: